Արտակ Բեգլարյան. Նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ միջազգային կազմակերպությունները չեն այցելել Արցախ

Արտակ Բեգլարյան. Նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ միջազգային կազմակերպությունները չեն այցելել Արցախ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: «Առաջնահերթությունն իրենցից է կախված, ոչ թե մեզանից»,– ՀՀ ԱԺ-ում լրագրողերի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով Արցախում միջազգային կառույցների ներկայացվածության մասին հարցին:

Նրա խոսքով, Արցախի Հանրապետության կողմից դիրքորոշումը եղել է, որ բաց են և պատրաստ են ընդունել միջազգային կառույցներին՝ Արցախում ծրագրեր իրականացնելու. «Ցավոք սրտի, մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը չի գործում»։

«Իհարկե, ես չեմ կարող ասել, որ միայն Արցախին են խտրականության ենթարկում, նաև այլ չճանաչված պետությունների: Բայց սա անընդունելի է, քանի որ չճանաչված պետությունները և հատկապես կոնֆլիկտային իրավիճակում գտնվող պետությունները միշտ ավելի խոցելի են լինում մարդու իրավունքների պաշտպանության առումով, քան ճանաչված և ոչ կոնֆլիկտային պետությունները»,– ասաց Ա. Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ-ի խոսքով, նույնիսկ չճանաչվածության հանգամանքն ավելի ազդեցիկ չի լինում նմանատիպ որոշումներ կայացնելու հարցում, քան Ադրբեջանի դիրքորոշումը։

«Կան բազմաթիվ բանաձևեր ընդունված տարբեր խորհրդարանական հարթակներում, տարբեր միջազգային կառույցների, այդ թվում ԵԽԽՎ կողմից, որոնք կոչ են անում, որ պետք է մուտք ստանալ, բայց «պետք են» չեն հստակեցնում, թե մեխանիզմներն ինչպես պետք է լինեն։ Արցախի կողմից որևէ խոչընդոտ չկա, ազատ են այցելելու, նույնիսկ հրավներ եղել են, սակայն չեն այցելում քաղաքական նկատառումներից ելնելով»,– նշեց Ա. Բեգլարյանը։

Նա նշեց, որ նույնիսկ 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, որը բավականին լուրջ զանգվածային մարդու իրավունքների խախտումների պատճառ էր դարձել, այդ ժամանակ իրավապաշտպան կառույցները, միջազգային կազմակերպությունները չեն այցելել Արցախ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում