Հենրիկ Էդոյան. Մարմարե ձեռքերով
04/06/2019 19:36
![Հենրիկ Էդոյան. Մարմարե ձեռքերով](https://times.am/v3/wp-content/uploads/2019/06/0a00f1e6e40ce9181711df343b1c0193.jpg)
Նմանատիպ
Մարմարե ձեռքերով մարդիկ են մոտենում
և կտրում են քեզ անցյալից,
որտեղ ապրում ես դեռ:
Տանջանքը հույս է ծնում,
նա արյունն է շարժում մի մեռած երակի մեջ:
Քեզ մոռացություն են նրանք խոստանում` իբրև թե ազատում
քո նախկին պատկերներից, և քեզ սպանում են իրենց
մտքերի սպանդանոցում:
Արթնություն` միակ ուղին անվախճան քնի:
Ես քեզ կորցրել եմ` որպեսզի նորից գտնեմ, և քեզ գտել եմ,
որպեսզի չկորցնեմ` իմ երազի մեջ, իմ կողքին,
իմ շուրջը, իմ աներևույթ ճանապարհի վրա,
ուր երկու հրեշտակներ բոցավառ սրերով մեր անցումն են
հսկում: