ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով

ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Եվրամիությունը դադարեցնում է Թուրքիայի հետ երկխոսությունն ամենաբարձր մակարդակով և մի շարք սահմանափակումներ է սահմանում Անկարայի հետ հարաբերություններում՝ Կիպրոսի ափին գտնվող գազային հատվածում իրականացվող ծրագրի պատճառով։ Եվրամիության խորհրդի պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ այդ որոշումը կայացվել է Միության երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է euronews-ը։

Խորհրդի կողմից ձեռնարկված միջոցների թվում են 2020 թ.-ին Թուրքիայի համար նախատեսված օգնության կրճատումը, ինչպես նաեւ ԵՄ-Թուրքիա ասոցիացիայի խորհրդի աշխատանքների ու օդային փոխադրումների վերաբերյալ համաձայնագրի բանակցությունների կասեցումը: Բացի այդ, Եվրամիության արտաքին գործերի նախարարները խորհուրդ են տվել Եվրոպական ներդրումային բանկին՝ վերանայել իր ֆինանսական ծրագրերը Թուրքիայում, ներառյալ պետական երաշխավորությամբ վարկերի տրամադրումը:

Եվրամիության խորհուրդը պնդում է, որ «բացառիկ տնտեսական գոտիների և մայրցամաքային շերտերի սահմանագծման հարցերը կարող են լուծվել բացառապես բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի լիարժեք հարգման ու բարիդրացիական սկզբունքների համաձայն»:

Նշվում է, որ Կիպրոսի շուրջ հակասությունները սրվեցին այս տարվա գարնանը, երբ Թուրքիան սարքավորումներն ուղարկեց կղզու ափեր: Անկարան պնդում է, որ այդ ջրերում գազի դաշտերը զարգացնելու իրավունք ունի, որը, ինչպես ասում են Թուրքիայում, պատկանում է Հյուսիսային Կիպրոսի մասնակի ճանաչված թուրքական հանրապետությանը:

ԵՄ անդամ Կիպրոսի Հանրապետությունն ու Հունաստանը Թուրքիային մեղադրում են Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի ներխուժման մեջ: Աթենքը Բրյուսելին կոչ է արել միջոցներ ձեռնակրել ընդդեմ Թուրքիայի: Նիկոսիան որոշում է կայացրել ձերբակալել թուրքական հորատման նավերի անձնակազմի անդամներին։

Նշենք, որ օրերս հայտարարություն տարածեց նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ խորին մտահոգություն հայտնելով Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ, հավելելով, որ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում