ՍԴ որոշումից հետևում է, որ պարոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է վերացվի. Ալումյան

ՍԴ որոշումից հետևում է, որ պարոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է վերացվի. Ալումյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: «Սահմանադրականի դատարանի որոշման մեջ կան իրավական դիրքորոշումներ, որոնցից ուղղակիորեն հետևում է, որ պարոն Քոչարյանը առ այս պահը ապօրինաբար է գտնվել կալանքի տակ և առ այս պահը պարոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է ապօրինի», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախկին նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը։

Ալումյանը վկայակոչեց Սահմաանդրական դատարանի, իր խոսքով, հանգույցային դրույթը՝ «Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող»։

Այս դրույթից փաստաբանը եզրակացրել է. «Սահմանադրական դատարանն այսպիսով ասում է, որ չկա մի այնպիսի մարմին կամ ընթացակարգ, որից կարելի կլինի հետևության գալ, թե պաշտոնաթող նախագահին վերագրվող քրեական գործողությունները բխո՞ւմ են նրա կարգավիճակից, թե՞ ոչ։ Այսինքն՝ սրանից հետևություն՝ եթե չկա այդպիսի մարմին, որ այդ հարցին կարող է պատասխան տալ, չի կարող օրինական լինել Վերաքննիչ կամ որևէ այլ դատարանի որոշում, որ պարոն Քոչարյանի կարգավիճակից չի բխել այն, ինչ նրան այսօր վերագրվում է»։

Հայկ Ալումյանը նկատեց նաև, որ Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր է բոլոր դատարանների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում