Բագրատյանը՝ վարչապետին. «Այ ընկեր, դու ռեկետ ես անո՞ւմ»

Բագրատյանը՝ վարչապետին. «Այ ընկեր, դու ռեկետ ես անո՞ւմ»

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում անդրադառնալով օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանն այն մասին, որ կառավարությունը քննարկում է 56 մլրդ դեբետային մնացորդը շուրջ 9 հազար տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը պայմանով, որ այդ գումարները ներդրվեն տնտեսության մեջ, ասել է, թե դա տնտեսական հեղափոխության հետ կապ չունի։

«Այ ընկեր, դու ռեկետ ես անո՞ւմ, մարդկանց փողերը հետ տուր, ինչի՞ մասին է խոսքը, քո ի՞նչ գործն է, այսինքն՝ այդ ինչ լավություն ես անում և սա կոչվում է տնտեսական հեղափոխությո՞ւն», – ասել է Բագրատյանը։

Շարունակելով, նախկին վարչապետը նշել է, որ դա բացահայտ ռեկետ է և հարցադրում արել, թե այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ իրենք, օրինակ, մինչ 1996 թվականն աշխատել են առանց ԱԱՀ-ն սահմանին գանձելու։

«Ասում են, չէ՞, հիմա թալանչիներ, թալանչի անվանեք նրան, ով կոնկրետ որևէ բան թալանել է, կոնկրետ որևէ բան ապացուցել ե՞ք, իմացեք, որտեղ եք գտնվում, ինչ եք խոսում», – ասել է Բագրատյանը։

Անդրադառնալով այս համատեքստում արվող բյուջետային ավելացումների մասին հայտարարություններին՝ Բագրատյանն ասել է, որ այս ընթացքում չունենք բյուջետային մուտքերի էական ավելացում։

«Ասվեց, որ 6 ամսում 25 տոկոս ավելացվել է՝ 152 մլրդ, ես ասացի՝ հանգստացեք, այս թիվն իջնելու է, որովհետև 15 տոկոս դուք արդեն պարտավոր էիք ավել ունենալ, այս տարի պետք է բյուջետային մուտքերը կազմեն 1 տրիլիոն 539 մլրդ և ի՞նչ. անցնում է հուլիս ամիսը, 7 ամսում արդեն թիվը 25 տոկոսից իջնում է 23 տոկոս, 8 ամսում էլի կիջնի թիվը, այսինքն՝ այդ 25 տոկոսը կամաց-կամաց կիջնի», – հայտարարել է Բագրատյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում