Քրեակատարողականներից բժիշկներին ստիպում են դուրս գալ աշխատանքից

Քրեակատարողականներից բժիշկներին ստիպում են դուրս գալ աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Քրեակատարողական հիմնարկների բուժաշխատողներին ստիպում են դիմումներ գրել, մասնագիտությամբ անասնաբույժն աշխատում է կալանավայրում, հին ու քրեական գործերով անցնող մարդիկ որոշում են կայացնում, թե ովքեր են շարունակելու պաշտոնավարել, ովքեր՝ ոչ: Քրեակատարողական ծառայության բժշկության կենտրոնից Tert.am-ը մի քանի ահազանգ է ստացել:

Նշեքն, որ Արդարադատության նախարարությունը ստեղծել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը գործելու է ոչ թե քրեակատարողական վարչության ենթակայության ներքո, այլ՝ Արդարադատության նախարարության։ Այս ՊՈԱԿ-ի կազմավորմանն ընդառաջ, պարզվում է, աշխատողներին ստիպում են դուրս գալ աշխատանքից, դիմումներ գրել, որպեսզի գումար փոխհատուցելու վերջնահաշվարկ չանեն:

«Քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումների մասնագետները մնում են առանց աշխատանքի. ոչ սահմանված ընթացակարգով ազատվում են աշխատանքից: 120 բուժաշխատողից 50-ն արդեն ազատվել են աշխատանքից ու դարձել գործազուրկ: Մարդկանց սպառնում են դիմումներ գրել, սպառնացողներից էլ ՊՈԱԿ-ում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմեն Ամիրյանի խնամի՝ Բագրատ Սայադյանն է, ով բացարձակ ոլորտից չի հասկանում ու 2018-ի սկզբից նշանակվել է ու երեք կալանավայր է գնացել ընդամենը: Բուժաշխատողներին հայտնել է, որ իրենք աշխատանքից ազատվելու դիմում գրեն, որ նոր ձևավորվող ՊՈԱԿ-ում անցնեն աշխատանքի, հիմա մարդիկ դիմում են գրել ու մնացել առանց աշխատանքի, ով էլ չի գրում՝ սպառնում են»,-ասաց աղբյուրը:

Ահազանգողի խոսքով՝ նախ ասել են, որ բուժհաստատության բոլոր աշխատակիցները տեղափոխվելու են նոր ձևավորվող ՊՈԱԿ, որի բացումն, ի դեպ, հետաձգվել է, այնուհետև, ասել են, որ 2018-ի սեպտեմբերի 1-ից ՊՈԱԿ-ը գործելու է, բայց աշխատակիցները ոչինչից տեղյակ չեն եղել. «Ո՛չ աշխատավարձ, ո՛չ աշխատանքային պայմաններ, դե կոչումները չեն լինելու այլևս, ու սկսեց գործել խնամի-ծանոթ-բարեկամ բանաձևը, ում ուզում, տեղավորում է աշխատանքի Սայադյանը, Երևանից «Կոշ» է տանում, «Կոշից»՝ Վարդաշեն, անհետևանք, անուշադիր, դե չէինք մտածում, որ կոռուպցիոն ռիսկեր լինեն, բայց երբ տեսնում են, որ կոռուպցիոն սխեմաներում թաթախված մարդիկ կան, որոնք հեռացվել են կամ հեռացել են, նորից վերադառնում են, հռետորական հարց է առաջանում՝ հիմա կա՞, թե չկա կոռուպցիա:

Այդ իրավիճակը շարունակվեց մինչև նոր տարի, այս խոսակցությունները թեժացան: Այժմ սպառնում են աշխատակիցներին, ամեն ինչ խառնվել է իրար, թերապևտը թմրանյութ է նշանակում, նարկոլոգ է աշխատում, օրենքի խախտումով անասնաբույժին նշանակում է կալանավայրում բժիշկ: Սկսվել են հետապնդումներ: Դատապարտյալների հիվանդանոցի պետի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանն ու Սայադյանն են որոշում, թե ով որտեղ պետք է աշխատի, ով՝ չաշխատի:

Բաղդասարյանի վրա էլ քրեական գործ է հարուցված, դատաքննություն է, ով իր կնոջը բերել, նշանակել է բժշկուհի, ինքը թոշակի է անցել, բայց որոշում է, թե ով է աշխատելու, ով՝ չէ»:

Նա նաև մեկ օրինակ բերեց, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ի բուժմասի պետին զանգահարել են ու ասել, որ աշխատանքից ազատելու դիմում գրի, առարկել է՝ նշելով, որ եթե օպտիմալացում են անում, թող հայտնեն ու օրենքով սահմանված կարգով ազատեն աշխատանքից, համոզել են, որ տեղափոխվում է «Կոշ» ՔԿՀ, դիմում է գրել, գնացել ՔԿՀ ու պարզել, որ իրեն խոստացած հաստիքում այլ աշխատող կա: Այդ բժիշկն ասել է, որ կհայտնի իրավապահներին, որ վերծանեն հեռախոսային խոսակցությունը ու պարզեն, թե ինքն ինչպես է դիմում գրել, վախեցել են, ու խնդրել՝ նորից դիմում գրել աշխատանքից ազատվելու մասին դիմումին ընթացք չտալու համար:

Ըստ աղբյուրի՝ Կալանավայրերի կադրերի բաժնի պետ Համբարձում Նավասարդյանը, ով բոլոր ղեկավարների օրոք պաշտոնավարել է, հաջորդ սպառնացողն է աշխատողներին, որ նրանք դուրս գան, և իրենք ում ցանկանան, տեղավորեն աշխատանքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում