Ատելությամբ արժեք չես կարող ստեղծել…

Ատելությամբ արժեք չես կարող ստեղծել…

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Մասամբ եմ համաձայն Միքայել Մինասյանի այն կարծիքին, թե Նիկոլ Փաշինյանի ատելության քարոզը եւ ատելությամբ կառավարումը ունի ներքին, էութենական արժեք (intrinsic value)։ Այսինքն, միայն անձնական բարդույթներով եւ դաստիարակության ներհատուկ բնույթով բացատրելը, կարծում եմ, ավելորդ բարդեցնում է իրավիճակը։ Առանց անհրաժեշտության էությունները բարդացնելու մեթոդաբանությամբ՝ Օկկամի ածելին կիրառելու սկզբունքով, կարելի է բացատրել Նիկոլ Փաշինյանի ատելությամբ կառավարումը որպես շատ ռացիոնալ եւ նրա դեպքում՝ երեւի մենեջմենթի նրա համար միակ հնարավոր ձեւ։

– Ատելությունը պատասխանատվություն չի պահանջում։ Ատելության արդյունքը մերժելն ու քանդելն է, որի համար ոչ ոք պատասխան տալու կարիք չունի։ Ընդ որում, դու կարող ես դրժել նաեւ տվածդ մի քանի պոզիտիվ խոստումներդ, քանի դեռ տալիս ես ատելության հիմնական պրոդուկտը՝ քանդելը։

– Ատելությունը չի պահանջում գիտելիք եւ ինտելեկտուալ ջանք։ Ռուսական հայտնի ասածվացք կա՝ «ломать не строить», այսինքն դու պարտավոր չես իմանալ քարը քարի վրա դնելու արվեստը՝ որպեսզի շենքը ճիշտ կառուցվի։ Դու պետք է ատես, մերժես ու քանդես, իսկ դա կարող է անել ոչ միայն Նիկոլը, այլեւ անգամ նրա պողոսները։

– Ատելությունը դյուրին ընկալելի է եւ վարակիչ։ Երբ դու պողոսից չես պահանջում, որ բարիք ստեղծի, այլ ասում ես, թե պետք է նախկիններից ամեն ինչ վերցնել ու մեջ-մեջ անել, նա շատ լավ է հասկանում, թե ինչպես է ստեղծվելու երկրի վրա դրախտը իր համար։ Քանի որ պողոսները սպեցիֆիկ չեն, ուրեմն ամեն մեկի համար առանձնահատուկ ջանք ու լեգենդ պետք չէ, բոլորն են հասկանում են, որ հեղափոխության իմաստը Քոչարյանին նստացնելն է։

– Ատելությունը հեշտ է շարունակական պահելը, ատելությամբ միշտ կարելի է պրոցես ապահովել։ Սկզբում է պետք է ատել նախկիններին, հետո՝ ղարաբաղցիներին, հետո՝ դատավորներին, հետո՝ բանակը, հետո՝ մամուլը, հետո՝ եկեղեցին, եւ այսպես շարունակ։

Ուրիշ հարց է, որ ատելությամբ արժեք չես կարող ստեղծել, եւ ըստ այդմ՝ ատելության ռեսուրսը սահմանափակ է, քանի որ եթե ամեն ինչ ջարդես, ինչ-որ պահի էլ ջարդելու բան չի մնա։ Սակայն սա մի խնդիր է, որ Նիկոլ Փաշինյանն իր առջեւ չի դրել, հույսը դնելով, թե մի տեղ, մի ձեւ, մի բան կբացվի՝ ճիշտ այնպես, ինչպես բացվեց իր համար իշխանափոխության հնարավորությունը։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում