Թուրքական զինուժի կողմից իրականացված հարձակումների հետևանքով Կամիշլիում հայեր չեն տուժել

Թուրքական զինուժի կողմից իրականացված հարձակումների հետևանքով Կամիշլիում հայեր չեն տուժել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Սիրիական Կամիշլիում թուրքական զինուժի կողմից իրակացված հարձակումների հետևանքով հայեր չեն տուժել: Հայկական դպրոցներն այսօր փակ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Հալեպում հրապարակվող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Չիլափոշյան-Պողիկյանը:

Նա նշեց, որ երեկ մինչև կեսգիշեր թուրքական զինված ուժերը Կամիշլիի շրջակայքում պայթյուններ և հրթիռակոծումներ են իրականացրել:

«Թուրքական կողմը հրթիռակոծում էր նաև Կամիշլիի քրդական կենտրոնները։ Թուրքական ուժերի կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններում իրականացրած հրթիռակոծության հետևանքով շրջանի բնակչությունը տուժել է: Հրթիռներից մեկն ընկել է Կամիշլիի Բշեիրիե թաղամասի բնակարաններից մեկի վրա, որի հետևանքով զոհվել է երկու քրիստոնյա։ Այդ թաղամասի բնակչությունն առժամանակ տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որտեղ ավելի ապահով է»:

Չիլափոշյանի խոսքով՝ Կամիշլիում այս պահին դրությունը հանգիստ է, բախումներ և հրթիռակոծումներ չկան:

«Թուրքական օդուժն այս գիշեր հրթիռակոծել է Ռաս ալ Աին շրջանի Թել Արքամ գյուղը: Միևնույն ժամանակ Թուրքիան փորձել է ցամաքային ներխուժում իրականացրել Սիրիայի տարածք՝ քանդելով Սիրիայի հյուսիսային շրջանի Ռաս ալ Այն ավանի Թուրքիայի հետ արևմտյան սահմանի Թել Հալաֆ գյուղի մոտ իր իսկ կառուցած պարսպի մի հատված: Ռաս ալ Աինում բնակվում է 10-15 հայ ընտանիք, որոնք տեղափոխվել են Հասիչե, իսկ Թել Աբյադում բնակվում է 15 հայ ընտանիք, որոնք երեկ նույնպես տեղափոխվել են մոտակա ապահով գյուղեր»,-հայտնեց Զ. Չիլափոշյանը:

Նրա խոսքով՝ այսօր առավոտյան թուրքական ուժերը ցամաքային ներխուժում են իրականացրել Ռաքքայի հյուսիսային շրջանի Թել Աբյադ ավանի մի քանի գյուղեր։

«Երեկ, թուրքական կողմի հրթիռակոծումների հետևանքով Կամիշլիում, Ալ Դարբասիեում և Ռաս ալ Աինում 8 քաղաքացի է զոհվել, երկուսը՝ քրիստոնյա, իսկ 20 մարդ վիրավորվել է: Թուրքական ուժերը թիրախավորել են նաև տվյալ շրջանների ենթակառուցվածքները, այսինքն՝ փորձում են տեղացիներին զրկել ջրից և էլեկտրականությունից, ինչպես նաև թիրախավորել են այն ամբարները, որոնք միլիոնավոր մարդկանց ջուր են մատակարարում»,-ասաց Չիլափոշյանը:

Հեղինակ Քրիստինա ԲՈՅԱՋՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում