Փաստաբան. Այնպես են անում, որ Մանվել Գրիգորյանը լավագույն հիվանդանոցում դանդաղ մահանա

Փաստաբան. Այնպես են անում, որ Մանվել Գրիգորյանը լավագույն հիվանդանոցում դանդաղ մահանա

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Եթե գործող իշխանությունը քաղաքական կամք ունենա, ապա դատական համակարգը կգործի անկախ: Նման կարծիք հայտնեց «Լև գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը:

«Այսօր դատական համակարգն ուղղակի չի ցանկանում արդարադատություն իրականացնել՝ լավ հասկանալով, որ այդ քրեական գործն ուղղակի փլուզվելու է հենց դատական պաշտպանության ժամանակ, նման պայմաններում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ անձին պահելով կալանքի տակ՝ ունենալով բազմաթիվ հիվանդություններ, փորձ է արվում վերջինիս գործն առանձնացնել այնքան, որ անձը լավագույն հիվանդանոցում դանդաղ մահանա: Դա նման պայմաններում դիտում եմ անթույլատրելի: Ավելին, ուզում եմ տեղեկացնել, որ Գրիգորյանի գործը գտնվում է ՄԻԵԴ-ի տիրույթում՝ անօրինական կալանքի և խոշտանգման փաստի ուժով»։

Փաստաբանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի մոտ տասնյակից ավելի հիվանդություններ են ախտորոշվել, մոտ մեկ շաբաթ առաջ բժիշկները ևս մի քանի հիվանության մասին հայտնեցին: Նման պայմաններում անձին կալանքի տակ պահելն անթույլատրելի է: Այս համատեքստում Բաղդասարյանն անդրադարձավ նաև իշխանության կողմից ճնշումներին.

«Մենք այսօր ունենք դատական համակարգ, որը գտնվում է գործադիրի «բռունցի» տակ՝ որոշակի հնչեղ գործերով, և ունենք իշխանության մարտավարություն որոշակի գործերով, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի գործով՝ չիրականացնել արդարադատություն, այլ անձին պահել խոշտանգման կարգով՝ հոգեկան տառապանք պատճառելով, որպեսզի անձը դանդաղ մահանա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում