Հատուկ քննչական ծառայությունը խախտել է Համաներման մասին օրենքը

Հատուկ քննչական ծառայությունը խախտել է Համաներման մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հատուկ քննչական ծառայությունն Արսեն Բաբայանին ձերբակալելով օրենք է խախտել։ Այսպես։ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին օրենքի 1֊ին հոդվածի առաջին կետով սահմանվում է.

«Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել` առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց»։

ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով է ձերբակալվել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

ՀՀ ՔՕ֊ի 314֊րդ հոդվածի 1-ին հոդվածը նախատեսում պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նույն օրենքի 2֊րդ մասի 5֊րդ կետը սահմանում է. քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով՝

1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի քան չորս տարի ժամկետով։

Այսինքն, համաներման մասին օրենքով Արսեն Բաբայանին ՀՔԾ-ն ոչ միայն պետք է չկալանավորեր, այլ մինչև 2018֊ի հոկտեմբերի 21֊ը ենթադրյալ կատարված արարքով քրեական գործ չպետք է հարուցեր։

Արմեն ԿԱՐԵՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում