ԱՄՆ Սենատում մեղադրել են Պետքարտուղարությանը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու համար

ԱՄՆ Սենատում մեղադրել են Պետքարտուղարությանը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ Սենատում մեղադրանքներ են հնչել Պետքարտուղարության հասցեին, որը, ըստ սենատորների, ցանկություն չունի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Պատժամիջոցների կիրառման հարցը Սենատում բարձրացվել է երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին: Պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Փալմերը հայտարարել է, որ Պետքարտուղարությունը դեռևս չի կողմնորոշվել՝ այդ զինատեսակների գնումը Ռուսաստանից արդյոք տեղավորվո՞ւմ է ամերիկյան CAATSA օրենքի շրջանակում, որը նախատեսում է պատժամիջոցների սահմանում:

«Այդ հարցը դեռևս քննարկվում է: Չեմ կարող առաջ անցնել և ասել, թե ինչ որոշումներ կլինեն»,-նշել է Փալմերը:

Սենատորներից մեկի պարզաբանող հարցին, թե արդյոք դա համարվում է «նշանակալից գործարք» Ռուսաստանի հետ, որի դեմ էլ ընդունված է օրենքը, Պետքարտուղարության ներկայացուցիչը չի կարողացել ստույգ պատասխան տալ՝ ասելով, որ հիմա իրենք հենց դա են ճշտում:

«Վաու, ինչպիսի ազդանշան ենք մենք տալիս աշխարհին: Եթե Ռուսաստանից C-400-ների գնումը չի հանդիսանում զգալի ռազմական գործարք, ուրեմն ոչ մի բանն էլ չի հանդիսանում»,- բարկացել է սենատոր Մենենդեսը, որն օրենքի հեղինակներից մեկն է:

Ավելի վաղ Վաշինգտոնը պահանջել էր Անկարայից հրաժարվել գործարքից և ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգերը: Թուրքիա C-400-ների մատակարարման սկսվելուց հետո, ԱՄՆ-ն Թուրքիային բացառել է նոր F-35 կործանիչների արտադրության ծրագրից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում