Արսեն Բաբայանի փաստաբանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ

Արսեն Բաբայանի փաստաբանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 168.am: Թեև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաննորի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, անօրինական ճանաչեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությունը, այնուամենայնիվ դատարանը որոշեց ՀՔԾ միջնորդությունը ու որոշեց Բաբայանին 2 ամսով կալանավորել: Դատարանը նաև մերժեց Բաբայանի պաշտպանական խմբի՝ գրավի միջնորդությունը:

«Չնայած մենք գտնում էինք, որ կալանքը որպես խափանման միջոց չի կարող ընդհանրապես կիրառվել, քանի որ մեղադրանքն անհիմն էր, ու հիմնավոր կասկած չկար, բայց նկատի ունենալով, որ մենք հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է, և այս պրոցեսում դատավորը չէր կարող անկախ լինել: Նաև չեմ կարծում, որ սա այն դատավորն էր, որը կարող էր անկախ գործել: Նաև այլընտրանքային խափանման միջոցի միջնորդություն էր արվել, որ գոնե թե դատարանը փորձի այս կերպ ազատության մեջ թողնել Արսեն Բաբայանին»,- դատական նիստից հետո ասաց Արսեն Բաբայանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նա վերահաստատեց, որ Արսեն Բաբայանի շուրջ իրականացվող գործընթացներն ուղիղ կապ ունեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու՝ իշխանության քաղաքականության հետ:

«Ակնհայտ ապօրինի են այն պրոցեսները, որոնք կատարվում են: Մեզ համար հասկանալի էր, որ հերթական անձը պետք է գտնվեր անազատության մեջ, որպեսզի հերթական ճնշումը լիներ Հրայր Թովմասյանի նկատմամբ: Դատարանը դա ապահովեց»,- ասաց փաստաբանը:

Պաշտպանական խմբի համար դատարանի՝ Արսեն Բաբայանի ձերբակալությունը անօրինական ճանաչելն ընդամենը ձևական քայլ էր՝ եղած ապօրինություններն օրինականության շղարշով պատելու համար:

«Բնականաբար, ամեն ինչ արդեն անցած էր, Արսեն Բաբայանը ձերբակալված էր եղել, և դատարանն ընդամենը փորձեց շղարշապատել դա, որպեսզի ցույց տա, որ իբր թե ինչ-որ որոշում կայացրել է օրինական»,- նկատեց Սահակյանը:

Արսեն Բաբայանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել որոշումը՝ ինչպես ներպետական դատարաններում, այնպես էլ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Եղած իրադարձությունները նրանց համար համոզմունք են առ այն, որ ներպետական դատարաններում իրավական որոշումների սպասել պետք չէ:

«Քանի որ մենք Հայաստանի Հանրապետությունում հույս չունենք, որ Վերաքննիչ դատարանում թույլ կտան, որպեսզի այդ գործի. այսպես ասած. համակարգիչը մակագրի այն դատավորին, որը կարող է օրինական որոշում կայացնել, բնականաբար. մենք մինչև վերջ ենք գնալու և դիմելու ենք Եվրոպական դատարան»,– ասաց Սահակյանը:

Փաստաբանը վստահ է, որ այսօր դատարանների նկատմամբ ճնշումներն այնքան շատ են, որ անգամ ձևական օրինականություն ապահովելու գործողություններ դատարանը չձեռնարկեց: Ըստ Սահակյանը՝ դատարանը կարող էր գոնե ձևական որևէ մեկին պարտադրել, որ Բաբայանի դեմ ցուցմունք տար: Բայց դա էլ չի արել:

«Չկա այնպիսի ցուցմունք, որով կհիմնավորվի մեղադրանքը: Կան ցուցմունքներ, որոնք հիմնավորում են, որ որևէ խախտում տեղի չի ունեցել, որևէ ժամանակագրության փոփոխություն տեղի չի ունեցել»,– ասաց Սահակյանը՝ մատնանշելով Արա Բաբլոյանի և Գագիկ Հարությունյանի հանրությանը հայտնի դիտարկումները:

Արսեն Բաբայանը, ով մեղադրվում է Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն աջակցելու և պաշտոնեական կեղծիքներ անելու մեջ, որևէ ցուցմունք չի տվել՝ պատճառաբանելով, որ մեղադրանքն իրեն պարզ չէ:

Նա քննչական մարմնին ասել է, որ պատրաստ է ցուցմունք տալ, եթե մեղադրանքի էությունը պարզաբանվի և իր համար մեղադրանքը պարզ լինի:

Դատարանի նման որոշմանը սպասող Բաբայանը նաև փաստաբանների միջոցով հանրությանը մեկ այլ բան հայտնեց:

«Ինքը պատրաստ է գտնվել անազատության մեջ, եթե դա անհրաժեշտ է, որպեսզի պետությունում գործադիր մարմինը դատական իշխանության նկատմամբ ճնշումներ չգործադրի և դատական իշխանությունն ամբողջ ծավալով չանցնի գործադիր հսկողության տակ»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյությում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում