Բաբլոյանի՝ կասկածյալի կարգավիճակի փոփոխություն ներկայումս առկա չէ. Արամ Վարդևանյան

Բաբլոյանի՝ կասկածյալի կարգավիճակի փոփոխություն ներկայումս առկա չէ. Արամ Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այժմ նախաքննության փուլում ենք գտնվում, նախաքննության գաղտնիքի ռեժիմում: Թույլ տվեք, դրանից ելնելով, շատ հարցերի չպատասխանեմ և չմեկնաբանեմ: Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի՝ ՀՔԾ-ում հարցաքննությանը:

Վարդևանյանը նշեց, որ պետք է որոշակի ժամանակահատված սպասել, որից հետո ավելի մանրակրկիտ կներկայացնեն, իր դիրքորոշումը ևս կներկայացնի: Նշեց նաև, որ այստեղ նեղ մասնագիտական հարցեր կան:

«Ես գտնում եմ, որ այս հարցերին հնարավոր կլինի անդրադառնալ որոշակի կարճ ժամանակահատված անց: Եվ կարելի է ասել, որ արդեն գործի նյութերի վերաբերյալ կունենանք ավելի հստակ պատկերացում: Կխնդրեմ ինձ տալ մի քանի օր ժամանակ, և ես կանդրադառնամ այս հարցերին»,– նշեց փաստաբանը:

Վարդևանյանը հիշեցրեց, որ Հատուկ քննչական ծառայությունը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Արա Բաբլոյանն ունի կասկածյալի կարգավիճակ: «Կարգավիճակի փոփոխություն ներկայումս առկա չէ և քննչական գործողություններ են ընթանում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այսօր ՀՔԾ է հրավիրվել՝ հարցաքննության։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում