Սա իրավունքի կոպիտ խախտում է. Վարոսյանը` Արսեն Բաբայանի տեսակցություններն արգելելու ՀՔԾ որոշման մասին

Սա իրավունքի կոպիտ խախտում է. Վարոսյանը` Արսեն Բաբայանի տեսակցություններն   արգելելու ՀՔԾ որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը հրապարակել է ՀՔԾ-ի տրամադրած որոշումը, որով արգելվում են Արսեն Բաբայանի տեսակցությունները ազգականների, ԶԼՄ-ների ու այլ անձանց հետ։

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվել էին՝ ինչո՞վ էին Արսեն Բաբայանի անչափահաս երեխաները խանգարելու գործի քննությանը, որ նրանց թույլ չեն տվեն տեսակցել հորը։ Վերջինս ասել էր, թե տեղեկատվություն չունի, որ անչափահաս երեխաների հետ նրա շփումն արգելվել է։

«Եթե նման թյուրիմացություն եղել է, իհարկե, կշտկվի», – ասել էր նա։

Aysor.am-ի հետ զրույցում Երվանդ Վարոսյանը հաստատեց, որ երեխաներին թույլ չեն տվել տեսակցել Բաբայանին։

«Ախր, տեսեք, խնդիրը հետևյալն է, հիմա ինձ շատ հետաքրքիր է՝ ՀՔԾ պետը ո՞նց է կարծում, այդ մանկահասակ երեխան ո՞նց էր գնալու «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, մտներ ներս, հորը տեսակցեր։ Ինքնուրո՞ւյն, հա՞։ Ախր, գոնե, տրամաբանել է պետք, ես արդեն չեմ էլ զարմանում ոչնչի վրա», – ասաց Երվանդ Վարոսյանը։

Նա նշեց, որ այս որոշումը բողոքարկելու են։

«Սա իրավունքի կոպիտ խախտում է, որովհետև ինքն իրենից որոշում էլ չի ներկայացնում, որոշումն, առհասարակ, պետք է լինի հիմնավորված ու պատճառաբանված, իսկ սա որոշում չէ», – ասաց Արսեն Բաբայանի փաստաբանը։

Բաբայանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Հոկտեմբերի 22-ին ՀՔԾ-ն որոշում կայացրեց ձերբակալել Բաբայանին: Դատարանը ոչ իրավաչափ էր համարել նրա ձերբակալությունը, սակայն բավարարել ՀՔԾ միջնորդությունը՝ կալանավորել Բաբայանին։

Нет описания фото.

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում