Պետությունը պետք է հնարավորինս քիչ միջամտի բուհական կյանքին, այդ թվում բուհերի ուսումնական ծրագրերին. Դավիթ Ափոյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Այսօր ներկա էի ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների կողմից կազմակերպված դասադուլին, որի ընթացքում փորձեցի լսել ակցիայի մասնակիցների և կազմակերպիչների մտահոգությունները:
Իմ ընկալմամբ՝ իրավիճակն ունի երկու բաղադրիչ: Մեկը բուն բողոքի ակցիան է, մյուսը՝ այն համատեքստը, որում ակցիան տեղի է ունենում: Սկսեմ համատեքստից, այնուհետև անդրադառնամ բուն ակցիայի պահանջներին:
Բողոքի ակցիան տեղի է ունենում մի պայմաններում, երբ ԿԳՄՍ նախարարությունը կրթական մասով ակնհայտորեն ձախողել է իր քաղաքականությունը: Բուհական խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ գնալով խորանում են:
Անհաշվենկատ և ապաշնորհ քաղաքականության արդյունքում բուհերում անառողջ մթնոլորտը շարունակվում է: Օրինակ, նախարարությունը ակնհայտ շահադիտական նպատակներով ձգձգում է ԵՊՀ ռեկտորի ընտրությունները՝ նպատակ ունենալով «կարել պաշտոնը» իրենց ցանկալի թեկնածուի համար և չհասկանալով, թե այդ ձգձգումը ինչ վնասներ է հասցնում բուհի ներքին մթնոլորտին: Կամ նախարարությունը բուհեր է ուղարկում մի նախագիծ, որով փորձ է արվում ստեղծել բուհերի կառավարման խիստ ուղղահայաց մոդել: Նախագիծը այնքան վատն էր, որ գրեթե բոլոր բուհերը բացասական եզրակացության են տվել դրան: Օրինակները բազմաթիվ են, բայց շատ չմանրամասնեմ: Կարճ ասած՝ սա այն համատեքստն է, որում տեղի էր ունենում այսօրվա դասադուլը:
Ինչ վերաբերում է բուն բողոքի ակցիային, ապա հայագիտական առարկաները հանել-չհանելու խնդիր այստեղ ես չեմ տեսնում: Հարցն այն է, թե մենք բուհերին վերաբերող հարցերում որոշումների կայացման ինչպիսի մոդել ենք պատկերացնում:
Իմ պատկերացմամբ՝ պետությունը պետք է հնարավորինս քիչ միջամտի բուհական կյանքին, այդ թվում բուհերի ուսումնական ծրագրերին: Պետության կողմից որևէ առարկայի իմպերատիվ բնույթի, համահարթեցված ներդնումը բոլոր բուհերի ուսումնական ծրագրերում հակասում է բուհական ինքնավարության սկզբունքին և ստեղծում է հավելյալ դժվարություններ տարբեր մասնագիտացումներ ունեցող ստորաբաժանումների համար: Բուհերը կարող են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը և ինքնուրույն լուծել այդ հարցը: Այլ բան է այն երկակի մոտեցումը, որ նախարարությունը մի կողմից ցանկանում է պահպանել պետական բուհերի կառավարման խորհուրդներում իր վերահսկիչ 50% փաթեթը, սակայն այն հարցերում, որտեղ կարիք կա քաղաքականություն մշակելու, ասում են, որ բուհերը ինքնավար են:
Եթե հարցադրումն այն է, թե պետք է, արդյոք, անցնել հայոց լեզու և պատմություն առարկաները բուհերում, իմ պատասխանն է՝ այո, բայց պետք է հետևել, որ առարկաները դասավանդվեն ոչ թե դպրոցական ծրագրի տրամաբանությամբ, այլ պատմության հիմնահարցերի և մասնագիտական հայերենի տեսքով: Իսկ եթե հարցադրումն այն է, թե պետք է, արդյոք, այդ առարկաների պարտադիրությունը օրենքով ամրագրել, պատասխանս հետևյալն է՝ ոչ: Գիտնականը-դասախոսը ավելի լավ գիտի, թե ինչ առարկաներ է պետք ներառել, քան պետական չինովնիկը: Ուստի պետք է ելնել հենց այդ սկզբունքից:»
Հետևեք մեզ նաև Telegram-ում