Վազգեն Մանուկյան. Ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտ է 37 թվականին, քան ազատության հռչակումին

Վազգեն Մանուկյան. Ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտ է 37 թվականին, քան ազատության հռչակումին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.amՎերջերս Հանրային խորհրդի վրա մեծ հարձակումներ են սկսվել: Հանրային խորհրդի նիստում «Հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա քայլերը» հարցի քննարկմանն ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նա թվարեց, թե հարձակումների սլաքներն ում և ինչին են ուղղված. «Առաջին՝ դրանք ուղղված են անձամբ իմ դեմ որպես ՀԽ նախագահի: Բնականաբար, եթե այդ հարվածը գալիս է ինձ, գալիս է նաև ՀԽ-ին:

Երկրորդ՝ հարց է բարձրացվում՝ Հայաստանին ընդհանրապես Հանրային խորհուրդ պետք է, թե ոչ: Երրորդ՝ Հանրային խորհուրդն արդյունավե՞տ է աշխատում, թե՞ ոչ: Չորրորդ՝ Հանրային խորհրդի շատ անդամներ բարձրացնում են ՀԽ ներքին գործընկերների նկատմամբ արդյո՞ք էթիկայի պահպանում պետք է, թե ոչ: Խոսքը չի գնում քննադատությունների մասին»:

Նա նշեց, որ հեղափոխությունից հետո համաձայնվել է ՀԽ նախագահ լինել, քանի որ ստեղծվել էր նոր իրավիճակ, մտածում էր, որ նոր փուլ է սկսվում պետության զարգացման համար: Սակայն այժմ հիասթափվել է, քանի որ այն, ինչ արվում է, Վ. Մանուկյանի խոսքով, չի տանելու այդ ուղղությամբ:

«Ինձ համար ընդունելի չէր քննարկումները վեթթինգի, անցումային արդարադատության մասին, «Մարտի 1»-ի դատավարությունը քաղաքականացնելը, դատավորների վրա հարձումները»,- ասաց ՀԽ նախագահը:

Նա նշեց, որ անհանգստացած ստեղծված իրավիճակից, որոշել էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր կասկածներն ու խորհուրդները նրան հաղորդելու համար:
«Հունիսին երկու անգամ զանգել եմ իրեն, ինքը հետ չի զանգել: Դա աննխադեպ էր, որովհետև երբեք նման բան չէր եղել ոչ իր հետ, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի:

Ես զգացի, որ այդ մարդը չի ուզում խոսել: Ձեր դրդումով վարչապետին նամակ գրեցի՝ խնդրելով հուլիսին Հանրային խորհրդի հետ միասին քննարկելու կառավարության տեսլականը:
Ոչ մի պատասխան չեղավ: Շարունակեցի իմ խորհուրդները տալ տարբեր հոդվածներով, սուր էին, թե ոչ, իրենց մեջ պարունակում էին մասնագիտական խորհրդատվություն և Սահմանադրական դատարանի, և Արցախի ու մյուս հարցերի մասին»,-իրավիճակը ներկայացրեց Վ. Մանուկյանը:

Նա նշեց, որ իրեն շարունակում են անհանգստացնել այն նույն հարցերը, ինչ ամռանը, նաև, կարծում է, քաղաքացիների համար ընդունելի չէ:

«Որոշակի վախի մթնոլորտ կա շատ մարդկանց մոտ: Պարզ չէ՝ ում կարող են ձերբակալել, ում ոչ, եթե սկիզբը դրված էր կոռուպցիայի դեմ պայքար, հիմա լրիվ այլ տեղ են գնում այդ սլաքները:

Սա ձգտում է մի ձեռքում վերցնել իշխանությունը: Ինձ կարևոր չէ նախորդներն այդպիսին է եղել, թե ոչ: Ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտ է 37 թվականին, քան ազատության հռչակումին: Այս վտանգը բոլորի շեմին է կանգնած: Հասարակությունը պետք է դիմադրի, նաև իշխանությունների բացատրի այդ քայլերի վտանգավորությունը Հայաստանի համար: Մենք շատ ենք թուլանալու ու հետ ենք գնում»,- նշեց ՀԽ նախագահը:

Նրա համար ընդունելի չէ, որ իշխանություններն իրենց քայլերից շատերի հիմքում դնում են՝ ասելով, որ ժողովուրդն իրենց հետ է. «Կներեք, դա ինձ համար ընդհանրապես փաստարկ չէ, քանի որ կա ճշմարտություն և ոչ ճշմարտություն:

Երկրորդ փաստարկն է՝ եթե մեզ չլսեք, հները կվերադառան: Հին ու նոր չեմ տեսնում, բայց մենք մի փուլից այլ փուլ ենք մտել: Հին փուլը երբեք չի կրկնվելու: Ցանկացած ժողովրդի կարելի է հիմարացել, բայց ոչ երկար ժամանակով:

Երրորդ փաստարկն այն է, որ այսօրվա իշխանությունն ավելի ժամանակակից է, աշխարհն ավելի լավ է պատկերացնում: Ես կարծում եմ՝ ոչ, այդ երիտասարդների մի զգալի մասը մնացել է 1990-ականնեի գաղափարների մեջ: Աշխարհն հիմա ուրիշ տրենդներ ունի: Իմ կողմից որպես անձ, մարդ, որն իր վրա պատասխանատվություն է կրել ողջ կյանքում, ես գտնում եմ, որ պետք է դիմադրել, նաև բացատրել, որովհետև շատ բան բացատրելով է ստացվում, որոշ բաներ ակամայից են ստացվում: Ես ինքս իմ ապագայի վերաբերյալ որոշումներ կընդունեմ, բայց այն մյուս հարցերը պետք է քննարկվեն Հանրային խորհրդի անդամների կողմից»,- ասաց Վազգեն Մանուկյանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում