ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը մտադրված է ռուսական ռազմական տեխնիկա գնել

ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը մտադրված է ռուսական ռազմական տեխնիկա գնել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ ռազմական գերատեսչության հետախուզության վարչությունը կարծում է, որ Իրանը մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել կործանիչներ, տանկեր, C-400 զենիթահրթիռային համակարգեր և «Բաստիոն» առափնյա հրթիռային համակարգեր: Այս մասին ասված է վարչության զեկույցում, որը հրապարակվել է երեքշաբթի, գրում է tass.ru կայքը:

Հետախուզական վարչության տվյալների համաձայն՝ Իրանին զենք վաճառելու սահմանափակումները չեղարկելուց հետո, հաջորդ տարի այդ երկիրը կփորձի նոր կործանիչներ և տանկեր ձեռք բերել Ռուսաստանից կամ Չինաստանից:

Զեկույցում նշված պնդումների համաձայն՝ Իրանն արդեն խորհրդատվություններ է անցկացնում զինամթերքի ձեռքբերման հետ կապված: Որպես մատակարար «քննարկվում է գլխավորապես Ռուսաստանը, ավելի քիչ հավանականությամբ դա կարող է լինել Չինաստանը»:

Ըստ հետախուզական վարչության տված գնահատականների՝ Իրանը Ռուսաստանից կարող է գնել Су-30 կործանիչներ, Як-130 ուսումնամարզական ինքնաթիռներ և Т-90 տանկեր: Բացի այդ, Իրանը «հետաքրքրություն է ցուցաբերել C-400 զենիթահրթիռային համակարգերի և «Բաստիոն» հրթիռային համակարգերի նկատմամբ, ասված է զեկույցում:

Վարչությունը նշում է նաև, որ Իրանը ցանկանում է տեխնիկա ձեռք բերել Պարսից ծոցում ավելի քան 5000 ծովային ական տեղադրելու համար:

Զեկույցում նշվում է նաև, որ ամերիկյան պատժամիջոցների պատճառով Իրանի միջոցները հնարավոր է չհերիքեն իր ցանկացած տեխնիկան գնելու համար: Պաշտոնական տվյալներով՝ 2019 թվականին Իրանի ռազմական բյուջեն կազմել է 20,7 միլիարդ դոլար, սակայն վարչության կարծիքով՝ պաշտոնական տվյալները կարող են ցույց չտալ ամբողջական պատկերը, քանի որ առայժմ պարզ չէ, թե որքան է պատրաստվում ծախսել Իրանը տեխնիկա գնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում