Վալենտինա Մատվիենկոն կարևորել է ԼՂ հակամարտության կողմերի միջև ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը

Վալենտինա Մատվիենկոն կարևորել է ԼՂ հակամարտության կողմերի միջև ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են՝ ընդգրկելով երկու երկրների բարձագույն ղեկավարությանը: Դաշնային խորհրդի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նա մեծ կարեւորություն է տվել երկու երկրների միջեւ համագործակցությանը կրթության ոլորտում, ինչի նախադրյալ է հանդիսանում երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության համար:

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Վալենտինա Մատվիենկոն կարեւորել է կողմերի միջեւ երկխոսությունը եւ ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը:

Դաշնային խորհրդի նախագահը բարձր է գնահատել հայկական պատվիրակության ակտիվությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքի շրջանակներում:

Ազգային ժողովի նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններում գոյություն ունի զարգացման ակտիվ դինամիկա: Դրան նպաստում են նաեւ միջխորհրդարական կապերը, ինչի հավաստումն էր վերջերս Գյումրիում տեղի ունեցած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը՝ հագեցած օրակարգով:

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հինախնդրին՝ Արարատ Միրզոյանը վերահաստատել է խնդրի խաղաղ կարգավորմանը միտված հայկական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Հայաստանի խորհրդարանի խոսնակն անդրադարձ է կատարել ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ հիմնախնդրի լուծումը պիտի ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, եւ կարեւորել, որ ադրբեջանական կողմը նույնպես հանդես գա նույնաբովանդակ հայտարարությամբ:

Կողմերն անդրադարձ են կատարել երկու երկրների խորհրդարանականների համագործակցությանն ինչպես ԱՊՀ ՄԽՎ-ի, այլ նաեւ միջխորհրդարանական հարթակներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վալենտինա Մատվիենկոն մյուս տարի պաշտոնական այց կկատարի Հայաստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում