Ես ապշած եմ, որ նման գիտելիքներով մարդը նախարար է աշխատում․ Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

Ես ապշած եմ, որ նման գիտելիքներով մարդը նախարար է աշխատում․ Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Առողջապահության նախարարը կարդացել է իմ հարցազրույցի վերնագիրը։ Զարմանում եմ, որ նա ամբողջական հարցազրույց չի կարդում, հետո՝ արձագանքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, որ ընդդիմադիր խմբակցություններից մեկը դեմ է առողջության համապարփակ ապահովագրությանը։

«Ես ասել եմ, որ խմբակցությունը դեռ վերջնական որոշում չունի, բայց ես իմ կարծիքն ասել եմ, որ դա ևս 6 տոկոս բեռ է աշխատող մարդկանց վրա։ Առողջապահության նախարարն ուզում է որպես շատ ռեֆորմներ առաջարկած նախարար երևալ, բայց դա չի նշանակում, որ ամեն առաջարկ լավն է և ընդունելի»,– ասաց նա։

«Ինչ վերաբերվում է մեր ընտրողներին, լավ կլինի՝ առողջապահության նախարարն իրենց ընտրողներով զբաղվի։ Նա գրել էր՝ ընդդիմություն եմ ուզում։ Եթե նա մտածում է, որ ընդդիմությունը նախագծեր դակող ուժն է, ապա շատ խոր թյուրըմբռնում ունի ընդդիմության վերաբերյալ։ Ես ապշած եմ, որ նման գիտելիքներով մարդը նախարար է աշխատում»,- ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը», որի համաձայն, ՀՀ բոլոր աշխատող և ինքնազբաղված քաղաքացիներն առողջության հարկ կվճարեն: Այսպես, ավելի քան 150 հազար դրամ ստացողների համար, որոնք կազմում են աշխատողների 59%-ը, դա կկազմի 9 000 դրամ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշել էր, որ նախագծի մասին նախնական տպավորությունը վատն է։ Նա նշել էր, որ տրամաբանական չէ նախարարի ներկայացրած նախագծով առողջության ապահովագրման համար առաջարկվող 6 տոկոս եկամտահարկի գանձումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում