Իրանի գերագույն առաջնորդը նոյեմբերին պահանջել է վերջ դնել բողոքի ցույցերին

Իրանի գերագույն առաջնորդը նոյեմբերին պահանջել է վերջ դնել բողոքի ցույցերին

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ նոյեմբերին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ այլևս չի կարելի հանդուրժել շաբաթներ տևող և զանգվածային անկարգություններով ուղեկցվող բողոքի ակցիաները: Այս մասին գրում է Region Monitor-ը։

Իրանի վերնախավին մոտ գտնվող մի անանուն աղբյուրի փոխանցմամբ` Խամենեին պահանջել է, որ «ցանկացած գնով վերջ տալ այդ ընդվզումներին», և սպառնացել է, որ պատկան մարմիներն անձնական պատասխանատվություն կկրեն այն դեպքում, եթե բողոքի ակցիաները շարունակվեն:

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Խամենեին, որը համարվում է երկրի ամենաբարձրաստիճան ղեկավարը, ցույցերին վերջ տալու կոշտ պահանջը հնչեցրել է նոյեմբերի 17-ին` իր նստավայրում ընդունելով նախագահ Հասան Ռոհանիին, կառավարության անդամներին և բարձրաստիճան ևս մի քանի պաշտոնյաների:

Այդ տեղեկատվությունը միայն երեկ է հասանելի դարձել: «Reuters»-ի փոխանցմամբ` այաթոլայի և նեղ շրջապատի նոյեմբերյան հանդիպման մասին պատմել է ժողովի մասնակիցների հետ առնչություն ունեցող մի անանուն աղբյուր:

Ըստ անանուն աղբյուրի` Խամենեին շատ զայրացած է խոսել Իրանի ղեկավարների հետ և խստորեն քննադատել է նրանց այն բանի համար, որ բողոքի զանգվածային ակցիաները շարունակվում են, իսկ իշխանությունը չի գտնում դրանք զսպելու արդյունավետ միջոցներ:

«Իսլամական Հանրապետությունը վտանգի մեջ է, արեք այն, ինչ անհրաժեշտ է ընդվզումը դադարեցնելու համար, դիմեք ցանկացած միջոցի, համարեք, որ սա իմ հրամանն է», — ըստ անանուն աղբյուրի՝ ասել է այաթոլահ Ալի Խամենեին:

Իրանում զանգվածային անկարգությունները սկսվել են, երբ իշխանությունը դադարեցրել է բենզինի սուբսիդավորումը և բարձրացրել է վառելիքի գները:

Նշենք, որ բողոքի ակցիաները տեղի են ունեցել Թեհրանում, մոտ հարյուր այլ քաղաքներում և գյուղական շրջաններում: Իշխանության պնդմամբ` բողոքի ակցիաները հրահրել են ամերիկյան և սիոնիստական դավադիր ուժերը: Ակցիաներն ուղեկցվել են ոստիկանների և անվտանգության ուժերի հետ բախումներով: Իրանի իշխանությունները խոստովանել են, որ կան զոհեր: Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ սպանվել է առնվազն 304 մարդ:

ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցում է հազարը, իսկ «Reuters»-ը, վկայակոչելով Իրանի ներքին գործերի նախարարության երեք անանուն պաշտոնյաների, հայտնում է, որ բախումների զոհ է դարձել մոտ 1500 մարդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում