Հովհաննես Խուդոյան. Դատախազությունը մերժել է Թավադյանին ազատ արձակելու միջնորդությունը

Հովհաննես Խուդոյան. Դատախազությունը մերժել է Թավադյանին ազատ արձակելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանքը փոխելու, նրան ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազության շենքի դիմաց ակցիայի մասնակիցներից երկուսը՝ Անի Կարապետյանն ու Նարեկ Մութաֆյանը ներս հրավիրվեցին։

Քիչ անց դուրս գալով՝ Կարապետյանը լրագրողներին տեղեկացրեց. «Ասեցին՝ գլխավոր դատախազը որոշում է կայացրել, վեցից տասնհինգ պակաս որոշումը կփոխանցեն Թավադյանի փաստաբանին»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ՝ 13 անձ, անձնական երաշխավորություն են ներկայացրել դատախազություն Արմեն Թավադյանի խափանման միջոցը օր առաջ փոփոխելու և կալանքից ազատելու վերաբերյալ:

Ակցիայի մասնակիցները պահանջում են միջնորդությունը քննարկել ու դրան արձագանքել օր առաջ։

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց՝ դատախազությունը մերժել է միջնորդությունը:

«Ես նախկինում էլ ասել եմ, որ մենք դատախազությունից որևէ ակնկալիք չենք ունեցել։ Սա ուղղակի մեր կողմից հնարավորություն է, որ դատախազությունը կարողանար իր սխալն առանց մեծ աղմուկի ուղղել»,– ասաց փաստաբանն ու ավելացրեց, որ խափանման միջոցի դեմ վերաքննիչ դատարան կդիմեն այսօր։

Խուդոյանը կարծում է, եթե արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, ապա հաջորդ շաբաթ նիստ կհրավիրվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում