«168 ժամ». Ինչպե՞ս են մի կողմից նվազեցնում հարկային բեռը, մյուս կողմից՝ գումարը հետ վերցնում

«168 ժամ». Ինչպե՞ս են մի կողմից նվազեցնում հարկային բեռը, մյուս կողմից՝ գումարը հետ վերցնում

«Ինչպես արդեն հայտնի է, 2020 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային «բարեփոխումների» շարքում է նաև եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցումը:

Համաձայն այդ փոփոխության՝ այսուհետ, անկախ աշխատավարձի չափից` կլինի բարձր, թե ցածր, բոլորը վճարելու են համահարթ՝ 23% եկամտահարկ: Այս փոփոխությունն իր վրա, իհարկե, չի զգա վարձու աշխատողների 65%-ը, այսինքն՝ մոտ 390.000 մարդ, քանզի մինչ այդ էլ մինչև 150.000 դրամ ամսական աշխատավարձ ստացողները 2019 թ. վճարում էին իրենց աշխատավարձի 23%-ը:

Այս փոփոխության ազդեցությունը նկատելի կլինի միայն 150.000 դրամից մինչև 2 մլն դրամ ստացողների համար, ովքեր մինչ այդ վճարում էին իրենց աշխատավարձի 28%-ի չափով եկամտահարկ, և շատ ավելի շոշափելի է` 2 մլն-ից ավելի ստացողների համար, ովքեր մինչ այդ վճարում էին իրենց աշխատավարձի 36%-ի չափով եկամտահարկ:

Փաստացի՝ համահարթ եկամտահարկի գանձումը հանգեցնում է նրան, որ, օրինակ, 500.000 դրամ աշխատավարձ ստացողը հարկումից հետո ստանալու է 17.500 դրամ ավելի, մինչդեռ 390.000 մարդու դեպքում, ովքեր ստանում են մինչև 150.000 դրամ աշխատավարձ, հարկումից հետո ոչ մի լումայի ավելացում չի լինում: Արդյունքում՝ արդեն իսկ բարձր աշխատավարձ ստացողների համար ստեղծվում են առավել արտոնյալ պայմաններ:

Մի կողմ դնելով բարձր և ցածր աշխատավարձ ստացողներին նույն դրույքաչափով հարկելու արդարացի լինելու կամ չլինելու փաստը՝ պետք է բարձրաձայնել, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային «բարեփոխումների» շարքում կան թաքնված 2 խայծ-փոփոխություններ, առաջինը՝ կենսաթոշակային համակարգի վճարի, երկրորդը՝ ակցիզային հարկի և պետական տուրքերի դրույքաչափերի փոփոխությունները:

Այս փոփոխություններն իրենց հերթին՝ բացասական ազդեցություն են ունենալու հենց այն 390.000 մարդու վրա, ովքեր ստանում են մինչև 150.000 դրամ ամսական աշխատավարձ:

Ինչո՞ւ: Եկամտահարկի աստիճանական նվազմանը զուգահեռ՝ տարեկան 1%-ով աճելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարը, որը 2023 թ. պետք է հասնի 5%-ի՝ ներկայիս 2.5%-ի փոխարեն, որն իր հերթին՝ ենթադրում է հավելյալ գանձում աշխատավարձից:

Մյուս կողմից էլ՝ կառավարությունը որդեգրում է հարկային եկամուտների կորուստը փոխհատուցելու մեխանիզմ՝ բարձրացնելով ակցիզային հարկի և որոշ պետական տուրքերի դրույքաչափերը: Ընդ որում, պետական տուրքերի դրույքաչափերի աճը հունվարի 1-ից կիրառվում է ֆինանսական ոլորտում գործունեության մի շարք տեսակներով զբաղվելու լիցենզիաների տրամադրման համար, ինչը դոմինոյի էֆեկտով կարող է հանգեցնել տվյալ կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների ու պրոդուկտների թանկացմանը:

Ինչ վերաբերում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմանը, ապա վերջինս կիրառվել է օղու (բացառությամբ՝ պտուղներից և հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի, IQOS տեխնոլոգիայի ծխախոտի արտադրանքի, էթիլային սպիրտի մասով: Սա նույնպես արդյունքում հանգեցնելու է տվյալ ապրանքների վաճառքի գնի բարձրացմանը, ինչն ուղղակի ազդելու է տվյալ ապրանքները սպառող քաղաքացիների գրպանի վրա:

Ի՞նչ է ստացվում: Կառավարության կողմից ուժի մեջ դրված հարկային «բարեփոխումներն» ավելի շատ նման են արջի ծառայության. մի կողմից՝ չեն գանձում, իսկ մյուս կողմից՝ ստեղծում են ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման համար նպաստավոր պայմաններ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում