«Խավարում». նոր ֆիլմ 1915 թվականին Արեւմտյան Հայաստանում ծավալվող իրադարձությունների մասին

Երեւանի կամերային թատրոնի համահիմնադիր, ռեժիսոր Արա Երնջակյանի­ «Խավարում» գեղարվեստական կարճամետրաժ կինոնկարի պրեմիերան տեղի կունենա հունիսի 26-ին «Մոսկվա» կինոթատրոն­ի «Կապույտ դահլիճ»-ում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի պետական կամերային թատրոնից, գեղարվեստական կարճամետրաժ կինոնկարը պատմում է 1915 թվականին Արեւմտյան Հայաստանում ծավալվող իրադարձությունների մասին:

Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը, երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանն, ու մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է: Եվ ամենածանր բեռը, ամենադաժան հարվածը այս ամենի մեջ հասնում է երեխաներին, որոնց խեղված ճակատագրերը մեկ ակնթարթում հայտնվում են անդունդում:

Նախագիծն իրականացվել է 2013 թվականի ընթացքում: Ֆիլմի ռեժիսորը, համապրոդյուսերը եւ սցենարի հեղինակն է Արա Երնջակյանը, բեմադրիչ նկարիչը’ Արմեն Ղազարյանը, օպերատորը’ Սուրեն Թադեւոսյանը:

Դերերում հանդես են եկել Մելիսսա Բրաունը, Վիգեն Ստեփանյանը, Ժաննա Թամիզյանը, Սոֆիկ Սարգսյանը, Արամ Կարախանյանը եւ Սենիկ Հարությունյանը: «Խավարում»-ի մտահղացումն իրականել է «ԵՐԿԱԹ» փրոդաքշն-ի կողմից’ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։

2013 թվականին կինոնկարը կներկայացվի «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» խաղարկային մրցույթում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում