«Իրատես». Վարչապետին տեսնելով՝ պատգամավորները վազելով դահլիճ են մտնում

«Իրատես». Վարչապետին տեսնելով՝ պատգամավորները վազելով դահլիճ են մտնում

««Վազիր, վազիր»,- գործընկերոջն ասում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, որ շտապում էր կառավարության հետ Ազգային ժողովի հարցուպատասխանին: Աճապարող խորհրդարանական մեծամասնության միակ ներկայացուցիչը չէր, որ րոպե առաջ ցանկանում էր ԱԺ դահլիճում իր տեղը զբաղեցնել, նրա օրինակին հետևում էր խորհրդարանական մեծամասնությունը՝ գրեթե ամբողջ կազմով:

Կառավարությանն առաջին ու ամենահրատապ հարցն ուղղելու մղումով չէ, որ իմքայլականները շտապում են նիստերի դահլիճ, պատճառն առավել քան պարզ է. այնպես չլինի, թե վարչապետը նկատի, որ պատգամավորներն իրենց տեղում չեն կամ ուշանում են:

Առիթ ունեցել եմ ասելու. երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր 2020-ի կառավարության բյուջեն, դրա ավարտից ու Փաշինյանին ծափահարելուց հետո պատգամավորները մեկ մարդու նման լքեցին նիստերի դահլիճը: Պատկերը նույնն էր նաև հարցուպատասխանի ժամանակ՝ մեկ մարդու նման, ճիշտ ժամանակին, նիստի մեկնարկից հինգ րոպե առաջ պետք է տեղում լինել:

Իսկական գերազանցիկների խորհրդարան է, ամեն մեկը հարց ունի, ասել է թե՝ պատրաստակամ է դասը պատասխանելու, միայն թե հարցերի բովանդակությունն է տարակուսելի:

Իմքայլական պատգամավորներից մեկը, օրինակ, վարչապետին հարցնում է, թե ինչ կարելի է անել, որ մեր երկիրը, որը, ըստ ՄԱԿ-ի երջանկության սանդղակի, երջանիկ երկիր է, առաջնորդվի «Բութանի ինդեքսով»: Չգիտեմ՝ որքանո՞վ է հարցը հետաքրքրում ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացուն, ինչպե՞ս է այն բարեփոխելու մեր առօրյան, կամ այսօր դա ի՞նչ հրատապություն ունի, բայց այն, որ վարչապետ Փաշինյանը հարցին խիստ համապարփակ պատասխան տվեց ու պատասխանեց մեծագույն սիրով, մտորելու տեղիք է տալիս»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում