Իրավապաշտպանները հայտարարություն են տարածել

Իրավապաշտպանները հայտարարություն են տարածել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, իրավաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի և իր համատեղ հայտարարությունը երրեկ ԱԺ-ում ծավալված իրադարձությունների վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։

Կարևորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն և անիրավաչափորեն։ Դա ոչ միայն կխարխլի իրավական պետության հիմքերը, այլև կստեղծի իրավունքի ոտնահարման ծանրակշիռ նախադեպ։ Մեր այս մտահոգությունները լիովին համահունչ են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։

Վերոգրյալից ելնելով՝ Հանրապետության նախագահին կոչ ենք անում ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից։

Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան

Ավետիք Իշխանյան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ

Ռուբեն Մելիքյան, իրավաբան»։

Մելիքյանը նշել է, որ հայտարարությունը բաց է իրավաբանների և իրավապաշտպանների միանալու համար։ Ստորագրություններն ամփոփվելու են փետրվարի 8-ին՝ ժամը 17:00-ին։ Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական և քաղաքական կառույցներին առաջարկում են Հանրապետության նախագահին դիմել համանման կոչով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում