Հանրաքվեն հակասահմանադրական է. Մանե Թանդիլյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Իշխանության մարտավարությունը որևէ մեկին քարկոծելն է, և երբ իր դիմաց չկա այդպիսի մեկը, իշխանական քարոզչամեքենան թուլանում է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:
«Հանրաքվեի ամբողջ գործընթացը մենք համարում ենք հակաիրավական և հակասահմանադրական, այդ պատճառով դրան չենք մասնակցելու: Արդյոք նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները. մեր պատասխանն է՝ ոչ, և այդ միջոցին դիմելով՝ մենք շատ բան կքանդենք: Եթե ԲՀԿ-ն միանա մեզ, մենք այսօր էլ ստորագրահավաք կանենք ու կդիմենք ՍԴ-ին: Բայց ակնհայտ է, որ նրանք մեզ չեն միանա»,- ասել է պատգամավորը:
Ըստ Թանդիլյանի՝ ԲՀԿ-ն կաշկանդված է իր քաղաքական որոշումներում, քանի որ խոցելի է և կախյալ՝ ի տարբերություն «Լուսավոր Հայաստանի»:
«Մենք սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ունենք, պետք է մշակենք համակարգային լուծումներ: Սուպերվարչապետական համակարգը շարունակում է գոյություն ունենալ, անհրաժեշտ է փոխել ամբողջ փաստաթուղթը, ոչ թե ընդամենը մեկ հոդված: Մենք մեկ մարդու համար գնում ենք հանրաքվե անելու, Սահմանադրություն փոխելու»,- ասել է Թանդիլյանը:
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ իշխանության ցանկությունն այն էր, որ ԼՀԿ-ն ներգրավվի «Ոչ»-ի շտաբում, և իրենց խրտվիլակ թիրախ դարձնեն. «Մեր ժողովուրդն ավելի արագ համախմբվում է ընդդեմի, ոչ թե հանունի գաղափարի ներքո: Իշխանությունը հատում է բոլոր վտանգավոր գծերը: Եթե քեզ հետ չհամաձայնվողին համարում են հակապետական, լրջագույն հարված են հասցնում իրավունքի գերակայությանը և պետական շահին: Երկրի առաջին դեմքի շուրթերից հնչող նման արտահայտություններն անթույլատրելի և վտանգավոր են»:
Մանե Թանդիլյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բարոյազրկում է սեփական անցած ճանապարհը, քանի որ ԼՀԿ-ի հետ նույն դաշինքում է եղել. «Ամբողջ իշխանական ապարատը մեկ մարդու՝ Հրայր Թովմասյանի համար հակաիրավական գործընթաց է սկսում՝ ժողովրդին էլ դրա մասը դարձնելով: Նա, ով ձեզ հետ է, անմե՞ղ է, դուք քավարա՞նն եք, մեղքերի թողությո՞ւն եք տվել նրանց: Ով ձեզ հետ է, սուրբ է, ով ձեզ հետ չէ՝ հակապետակա՞ն է»:
Պատգամավորի կարծիքով՝ իշխանության իրավական հիմնավորումները թույլ են, և քաղաքացիները ներքաշվում են հակասահմանադրական գործընթացի մեջ: «Իշխանության համար անցանկալի անձինք նույնպես ունեն իրավունքներ, և չի կարելի դրանք խախտել: Իշխանությունն ինքը պետք է զուսպ լինի, բայց մեր իշխանությունը հատում է բոլոր կարմիր գծերը, անբարո գործիքակազմով մեր դեմ հակաքարոզչություն է իրականացնում»,- ասել է Թանդիլյանը՝ հավելելով. «Իշխանությանն անհրաժեշտ է խոհեմություն, և երբ ինչ-որ բան ենք առաջարկում, նրանք պետք է դիտարկեն դրա բովանդակությունը: Սա մեկ նախադասության հանրաքվե է: Մեկ մարդու հարց են փորձում լուծել՝ գրիչի հայտնի պատմությունից հետո»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում