«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» աշխատակիցները պահանջում են կասեցնել կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշումը

«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» աշխատակիցները պահանջում են կասեցնել կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը» «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշման վերաբերյալ իրենց մտահոգությունները ներկայացնելու համար:

«Մոտ 100 աշխատակիցներ կան այստեղ: Խնդրում ենք քննարկում կազմակերպել, որ կարողանանք վարչապետին ներկայացնել խնդիրը: Մտավախություն ունենք, որ իրեն ճիշտ չի ներկայացվել խնդիրը: Խնդրում ենք ընդունել մեզ, լսել մեր կարծիքը, իմանալ բոլոր հնարավոր վտանգների մասին»,- ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներից մեկը:

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ բոլոր օրինական միջոցներով փորձելու են իրենց ձայնը լսելի դարձնել: Ըստ կենտրոնի աշխատակիցների՝ կենտրոնը «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու Առողջապահության նախարարության որոշմամբ «փլուզման եզրին է հասցվում արդյունավետ գործող համակարգ»:

«Մեր ակնկալիքն այն է, որ այն որոշումը, որը արդեն կայացված է առանց մասնագիտական լուրջ քննարկումների, կասեցվի և վերջ դրվի Առողջապահության նախարարության միանձնյա որոշումներ կայացնելու աշխատելաոճին, որոնք ոչ մի կերպ չեն կարող մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծել: Կա մի խմբի ամբիցիոզ մոտեցումներ, որոնք պատրաստ չեն լսել այլ կարծիք, պատրաստ չեն ընդունել սեփական սխալները»,- ասաց «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» մեկ այլ աշխատակից:

Հիշեցնենք՝ երեկ լարված իրավիճակ էր, ոստիկանությունը բերման էր ենթարկվել կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանին։ Վերջինս ազատ արձակվելուց հետո ասել էր, որ իրեն բերման էին ենթարկել ինքնիրավչություն կատարելու կասկածանքով, սակայն չկա իր պաշտոնից բխող մի գործողություն, որն ինքը չի կատարել։

Tert.am-ի հարցին, թե կենտրոնի տնօրենն Արսեն Թորոսյանի հրամանով ազատվել է, աշխատակազմը դժգոհ է, ինքն ի՞նչ կարծիք ունի այդ մասին, Արամ Հակոբյանն ասաց. «Հիմնազուրկ հրաման է, դրա համար ես իմ դժգոհությունը նորանշանակ տնօրենի պաշտոնակատարին հայտնել եմ»,֊-ասաց Հակոբյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում