Ներխուժում ենք խոսքի ազատության սահմանափակումների աննախադեպ փուլ. Երվանդ Վարոսյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Քննարկման փուլում գտնվող նոր Քրեական օրենսգրքի նախագծով նախատեսվող սուտ մատնությանը վերաբերող 450-րդ հոդվածով սլաքներն ուղղվելու են ազատ խոսքի դեմ, ներխուժում ենք խոսքի ազատության սահմանափակումների աննախադեպ փուլ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Փաստաբանը նշեց՝ սուտ մատնության էությունը բոլորովին այլ է, քան առաջարկվում է այդ նախագծով: «Սուտ մատնությունը նախատեսված եղել է ոչ միայն մեր Քրեական օրենսգրքով, այլև շատ այլ երկրների. այն է՝ անձի կողմից իրավապահ մարմիններին դիմել՝ մեկ այլ անձին հանցագործության մեջ մեղադրելով: Ընդ որում, մատնություն կատարող անձը պետք է գիտակցի, որ իր տված տեղեկությունը սուտ է, ու դա կատարի դիտավորությամբ: Այժմ փորձ է կատարվում ընդլայնել այդ հոդվածի կարգավորման առարկան՝ ներառելով նաև ԶԼՄ-ներով արված հրապարակումները»,-պարզաբանեց փաստաբանը՝ նշելով, թե դա տրամաբանությունից դուրս է և հանգեցնելու է նրան, որ ցանկացած իրավակիրառ ցանկացած հրապարակում, որտեղ նշում կարող է լինել ենթադրյալ հանցագործության մասին, կարող է որակել որպես սուտ մատնություն:
«Իսկ հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, ես կարծում եմ, որ սա ընդդիմադիր մամուլը լռեցնելու ուղիղ մեխանիզմ է դառնալու»,-նշեց Վարոսյանը:
Ըստ փաստաբանի՝ հոդվածն անհասկանալի է հատկապես այն տեսակետից, որ այսօր էլ կա նույն գործիքակազմը, և անձն, ում նկատմամբ տեղի է ունեցել սուտ մատնություն, որը որակվում է զրպարտություն, կարող է պաշտպանել իր իրավունքները՝ համապատասխան հայցադիմում ներկայացնելով դատարան:
«Մենք չգիտենք՝ ում ենք պաշտպանում այս փոփոխությամբ, ում ենք ուզում իրավական պաշտպանության ներքո վերցնել. անձի՞ն, ում մասին հրապարակում է եղել, որում նրան մեղադրում են ենթադրյալ հանցագործության մեջ: Այսօր այդ անձն ունի իր իրավունքները պաշտպանելու գործիքակազմ: Ես չեմ պատկերացնում իրավիճակ, որ անձը ցանկություն ունենա զրպարտության հետ կապված հայց ներկայացնել անգամ լրատվամիջոցի դեմ, ու չկարողանա դա կատարել: Ինչն է պատճառը, որ լրացուցիչ անգամ փորձում են այդ անձին վերցնել պաշտպանության ներքո: Քանի որ այդ անձինք լրացուցիչ պաշտպանության կարիք չունեն, հասկանալի է դառնում, որ սա բոլորովին այլ նպատակներ հետապնդող փոփոխություն է»,-ասաց Վարոսյանը:
Փաստաբանը նշեց նաև, թե շատերը մշտապես փորձում են ՌԴ օրենսդրությունը ներկայացնել որպես «դրակոնյան», մարդու իրավունքները սահմանափակող, բայց անգամ այդ «դրակոնյան» իրավական համակարգում նման կարգավորում գոյություն չունի:
Հարցին՝ առկա՞ է գործիքակազմ՝ ապացուցելու, որ անձը, որն այլ անձի վերաբերյալ ենթադրյալ հանցագործության մասին տեղեկություն է հայտնել լրատվամիջոցին, գիտակցել է, որ այն սուտ է, և արել է դիտավորությամբ, փաստաբանը պատասխանեց, թե այսօր էլ է բավականին բարդ լինում նման հաղորդումների դեպքում հիմնավորել, որ անձն ի սկզբանե գիտակցել է, որ սուտ մատնություն է կատարել: «Նոր հոդվածն էլ ավելի է բարդացնում իրավիճակը և հանգեցնելու է իրավական անորոշության, և մենք կրկին մտնելու ենք մեկնաբանությունների դաշտ, իսկ որքան նորմն անորոշ է, այնքան այն սխալ և կամայական մեկնաբանելու հնարավորությունը լայնանում է»,-ասաց նա:
Հարցին՝ հավանակա՞ն է, որ եթե ԶԼՄ հրապարակումն անանուն աղբյուրով լինի, կփորձեն ներգրավել լրագրողներին՝ ավելի խիստ կերպով պահանջելով աղբյուրի բացահայտում իրականացնել, փաստաբանն ասաց, որ նման խնդիր ևս կարող է առաջանալ:
«Դա կարող է հանգեցնել քրեական վարույթի հարուցման՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների ներգրավում, քննչական գործողությունների միջոցով տեղեկությունների ստացում և այլն, որ իրավակիրառ մարմինը փորձի պարզել հրապարակման աղբյուրը»,-ասաց նա:
Վարոսյանի կարծիքով՝ խնդրահարույց իրավիճակը շատ ավելի ցայտուն է դառնում, եթե, օրինակ, դիտարկենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի՝ նախկինում դատվածության մասին հրապարակումն ու քրեական գործի հարուցումը՝ անձնական կյանքի մասին տվյալներ ապօրինի հավաքելու հետ կապված:
Նշենք, որ ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա այդ քրեական գործով տուժող է ճանաչվել:
«Եթե Հայաստանում կա մի իրավակիրառ մարմին, որ անձի դատվածության մասին տեղեկանքը կարող է հավասարեցնել անձնական կյանքի գաղտնիքին, նշանակում է՝ ամեն ինչ կարող է տեղի ունենալ, և երբ հավելյալ գործիքակազմ է տրվում իրավակիրառներին, այն չարաշահումները, որոնց դա կարող է հանգեցնել, սարսափելի են թվում»,-ամփոփեց Երվանդ Վարոսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում