Ճգնաժա՛մ, ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ խորհրդարանում կա. Արծրուն Պեպանյան

Ճգնաժա՛մ, ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ խորհրդարանում կա. Արծրուն Պեպանյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԿարծում եմ ՍԴ դատավորները ճիշտ են վարվել, որ չեն ընդունել իշխանության առաջարկը, իրենք իրենց աշխատանքի մեջ խնդիր չեն տեսնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակ ուղարկելու մասին օրինագծին, որից հրաժարվեցին ՍԴ դատավորները:

«Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա, դա արհեստական, սարքած երևույթ է: Սահմանադրական դատարանում ճգնաժամ կլիներ, եթե ՍԴ-ն ի վիճակի չլիներ նիստեր գումարել, հարցեր քննել և պատասխաններ տալ: Հայաստանում կա խորհրդարանական ճգնաժամ: Այդ ճգնաժամը խորհրդարանը 2018թ. դեկտեմբերի 9-ին էյֆորիայի մեջ մտած ժողովրդի ձևավորածն է, իսկ էյֆորիա այլևս չկա»,- ասաց վերլուծաբանը:

Նրա խոսքով, եթե ուզում ենք երկրում որևէ խնդիր լուծել, ապա խորհրդարանական նոր ընտրություններ են անհրաժեշտ: Պեպանյանն ասաց, որ իշխանությունը փորձում էր գայթակղել ՍԴ դատավորներին՝ խոստանալով մեծ գումարներ, որոնք կվայելեին երկար ժամանակ, սակայն չստացվեց:

«Անձամբ ես, որևէ դատավորի չէի հարգի, եթե գնար այդ քայլին: Ես հրապարակային ասել եմ այդ դատավորներին, որ պետք է մտածեն հետագա սերունդների մասին, եթե որևէ մեկը գնա այդ քայլին, ապա ժողովուրդը, վաղ թե ուշ դուրս է գալու այս էյֆորիկ վիճակից, և Դուք և Ձեր սերունդները 100 տարի ամաչելու եք դուրս գալ ժողովրդի մեջ: Ես՝ որպես քաղաքագետ և վերլուծաբան, ողջունում եմ դատավորների այս քայլը, որ իսկապես չտրվեցին գայթակղությանը»,-նշեց Պեպանյանը:

Վերլուծաբանը համաձայն է այն առաջարկին, որ փետրվարի 27-ը հռչակվի Հայաստանի արդար դատարանի վերականգնման օր: Նրա խոսքով, դատավորները ապացուցեին, որ կարող են դիմակայել:

«Այսօր Նիկոլ Փաշինյանի մասին էլ են համացանցում շատ բաներ գրում, պահանջում՝ հեռանա, ինչի՞ չի հեռանում: Մարդկանց մեծամասնությունը չի հասկանում ՍԴ-ից, դուրս գանք ու շրջենք, հարցնենք մարդկանց, թե հանրաքվեում ինչ հարց է դրվում, ինչի համար է, և ինչ լավ ու վատ կողմեր ունի: Հազարից մեկը կկարողանա բացատրել: Այս ամենը կեղծ օրակարգ է»,- ասաց քաղաքագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում