Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի

Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարյահլըն հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական կապերը կշարունակեն զարգանալ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանա-թուրքական ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի ավարտին երկու երկրների նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեղի է ունեցել կարևոր փաստաթղթերի ստորագրման արարողություն:

«Մասնավորապես` «Ֆինանսական աջակցության մասին» արձանագրությունը և «Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև ռազմաֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը մեծ ներդրում կունենան երկու եղբայրական երկրների միջև ռազմական կապերի զարգացման գործում»,- ասել է Դարյահլըն:

Մամուլի քարտուղարը հիշեցրել է նաև, որ փաստաթղթերը ստորագրել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները:

«Համաձայն այդ փաստաթղթերի` ադրբեջանցի սպաներն ու կուրսանտները կարող են սովորել Թուրքիայի ռազմաուսումնական հաստատություններում: Բացի այդ, Թուրքիայից Ադրբեջան կմատակարարվի ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա, ինչը կբարձրացնի ադրբեջանական բանակի մարտունակությունը»,- եզրափակել է իր խոսքը մամուլի քարտուղարը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել էր Ադրբեջան, որտեղ տեղի էր ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպման պաշտոնական արարողությունը, որին էլ հաջորդել էր երկկողմ հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում