Հակահայական հոդված հրապարակած «Նեզավիսիմայա գազետայի» խմբագիրներն ազատվել են աշխատանքից

Հակահայական հոդված հրապարակած «Նեզավիսիմայա գազետայի» խմբագիրներն ազատվել են աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ռուսաստանում գործող հայկական կայքերը տեղեկություն են տարածվել այն մասին, որ ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովի երեք տեղակալներից երկուսը՝ Արկադի Խանցեվիչը և Անդրեյ Ռիսկինը աշխատանքից ազատվել են: Գրում է Region Monitor-ը։

Ըստ աղբյուրի՝ պաշտոնանկությունների պատճառը սումգայիթյան ջարդերի մասին Լև Ասկերովի հայտնի հակահայկական հոդվածի հրապարակումն էր: Հոդվածը պարունակում էր ոչ միայն անհեթեթ պնդումներ և պատմություն կեղծելու փորձեր, այլև կասկածներ է առաջացնում լրատվամիջոցի օբյեկտիվության և անկաշառության վերաբերյալ։

Թեմային անդրադարձել է նաև ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով. «Իմիջիայլոց՝ ինքս անձամբ ստուգեցի՝ թերթի կայքում մարտի 2-ին առաջին խմբագրի տեղակալի պաշտոնին դեռ նշված է եղել Արկադի Խանցեվիչի անունը, իսկ խմբագրի մյուս տեղակալներից, ինչպես նաև տարածաշրջանային թղթակիցների բաժնի պետի պաշտոնին՝ Անդրեյ Ռիսկինը: Հիմա երկուսի փոխարեն էլ այլ մարդիկ են կայքում նշված»:

Աղբյուրը հիշեցնում է՝ ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва»-ին հայտնել էր, որ վերոնշյալ հոդվածի առնչությամբ դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն՝ պահանջելով հետաքննություն սկսել էթնիկական ատելության, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության հրահրման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում