Ոստիկանները հատուկ նպատակով էին կոտրում ամեն ինչ. Փաստաբանը՝ Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տան վրա հարձակման մասին (Տեսանյութ)

Ոստիկանները հատուկ նպատակով էին կոտրում ամեն ինչ. Փաստաբանը՝ Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տան վրա հարձակման մասին (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Aysor.amԱրամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) շուրջ ծավալվող իրադարձությունների հետ կապված 50-ից ավելի բերման ենթարկելու դեպք ենք ունեցել, այսօր Արամ Վարդանյանի տան բակում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց վերջինիս փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Երբ անձինք, որոնք որևէ առնչություն են ունեցել Արամ Վարդանյանի հետ՝ հարազատ, բարեկամ, ընկեր, հարևան, և հայտնվել են տեսադաշտում, բերման են ենթարկվել, բռնություն է գործադրվել նրանց նկատմամբ, ընդ որում, բոլոր դեպքերում անձինք ապօրինի են բերման ենթարկվել, մտացածին կասկածանքներով, իբրև զենք-զինամթերք պահելու համար։ Այս ամենը տեղի ունեցավ վարչապետի՝ բոլորին ասֆալտներին փռելու հայտարարությունից հետո», – ասաց Լուսինե Սահակյանը։

Փաստաբանը նշեց՝ բերման էին ենթարկվում մարդիկ, ովքեր որևէ առնչություն չունեն քրեական ենթամշակույթի հետ։

«Այս ամենն արդեն գազանության հասավ երեկ գիշերը, երբ ժամը 2-ից հետո հարյուրավոր ոստիկաններ շրջապատել էին այս բոլոր տների տարածքները և հարյուրին մոտ ոստիկաններ պատերի վրայով ներխուժում էին տարբեր տներ», – ասաց Սահակյանը։

Փաստաբանի խոսքով՝ ոստիկաններից որևէ մեկը որևէ բացատրություն չի տվել, թե ինչ նպատակով են հայտնվել այդ տանը և ինչ են ուզում անել։

Նա ասաց՝ ավելի ուշ, երբ արդեն իրենք ոստիկանների գործողությունների մասին հայտարարույթուն են տարածել, պարզել են, որ ոստիկանները ձերբակալման որոշում են ունեցել։

«Մենք նույնիսկ տեղյակ չենք՝ իրենք ընդհանրապես ինչ գործի մասին են խոսում, որովհետև մեզ նույնիսկ ոչինչ չի ներկայացվել։ Մենք մինչև առավոտ եղել ենք ոստիկանությունում, պահանջել ենք, որպեսզի մեզ բացատրություն տրվի՝ ինչու են ներխուժել տները, ինչու են կոտրել ամեն ինչ, մեզ որևէ բացատրություն չի տրվել», – նշեց փաստաբանը։

Լուսինե Սահակյանն ասաց, որ ոստիկանների հայտնվելուց 15 րոպե անց եղել են Արամ Վարդանյանի տանը.

«Բավականին երկար ժամանակ ոստիկանները մեր ներկայությամբ կոտրում էին այս ամեն ինչը, երբ հարց էինք տալիս՝ սանկցիա ունե՞ն, թե՞ ոչ, դատարանի թույլտվություն ունե՞ն, մեզ որևէ մեկը որևէ պատասխան չէր տալիս։ Այս ամենը տեսանկարահանվել է, հետագայում արդեն այդ կադրերը կտարածենք, որպեսզի հանրությունը տեղեկանա՝ ինչ է իրականում կատարվում և ոստիկանությունն ինչ գործելաոճ ունի այսօր։ Ոստիկանները հատուկ նպատակով էին կոտրում ամեն ինչ։ Սեփականատիրոջ՝ Արամ Վարդանյանի որդուն առաջին իսկ պահից բռնություն գործադրելով բերման էին ենթարկել։ Բոլոր տղամարդկանց, որոնք տանն էին, բերման էին ենթարկել։ Երբ արդեն այդ հատվածում չկար որևէ մեկը, նրանք կոտրում էին մնացած դռները», – ընդգծեց Սահակյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանների մի մասը եղել է դիմակավորված։

«Վստահ կարող եմ ասել, որ Էրեբունու ոստիկանապետն այստեղ էր, և մեր որևէ հարցին որևէ պատասխան չի տրվել», – ասաց փաստաբանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում