ՀՀ արտաքին գործերի նախարարը միտումնավոր է լռում. Կ. Բեքարյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, Tert.am: Հայաստանն ապրում է կեղծ, մեր անմիջական շահերին չհամընկնող օրակարգով: «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նման կարծիք է հայտնել վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով միջազգային և տարածաշրջանային զարգացումներին և ՀՀ իշխանության կողմից ձեռնարկվող քայլերին:
Վերլուծաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ տեղի ունեցավ Սիրիայում ռուս-թուրքական սրացման ֆոնին:
«Ի՞նչ է տեղի ունենում բանակցային գործընթացում ցանկացած խնդրի շուրջ, օրինակ՝ նույն Սիրիայում՝ ռուս-թուրքական շահերի բախման կիզակետում, երբ կողմերը զգում են, որ այստեղ չեն կարողանում գտնել շահերի այն հատումը կամ գոնե չբախվելը, որը կարող է պարունակել ինչ-որ կառուցողական էլեմենտ: Պարզագույն տեխնոլոգիա՝ լայնացնում է բանակցային շրջանակը՝ ներառելով այլ խնդիրներ, որտեղ կան համատեղ շահեր, շահերի բախում: Արդյո՞ք այս հանդիպումը որոշակի ազդանշան չէ՞ր, որ ռուս-թուրքական համատեքստում խնդիրը փորձ է արվում տարածել նաև Ղարաբաղյան հակամարտության վրա», – նշում է Բեքարյանը:
Նրա կարծիքով, եթե մենք մտածել ենք սրա մասին և այն հասկանում ենք, պետք է դրանից բխող գործողություններ իրականացվեն, որոնք կլինեն նաև տեսանելի. «Պետք չէ ասել, որ ամեն ինչ արվում է դիվանագիտական խողովակով: Եթե ինչ-որ բան հանրայնացվել է, որն ուղղակիորեն բախվում է քո շահերին, հակառակը ևս պետք է պարունակի հանրային էլեմենտ: Եթե ոչ, դու արդեն իսկ շահերի որոշակի կորուստ ես ունենում»:
Ընդ որում, Բեքարյանը՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մեջ խնդիրներ է տեսնում՝ անկախ տարածաշրջանային զարգացումներից:
«Եթե այդ հանդիպումն իրապես նախաձեռնել էին ՄԽ համանախագահող երկրները, փաստն ինքնին թողնում է մի քանի հարցականներ: Օրինակ՝ ինչո՞ւ ՄԽ անդամ մնացած երկրների շարքից հենց Թուրքիան, և ինչո՞ւ Թուրքիան առաջինը, եթե դա հանդիպումների շարք է, որը նախատեսվում է շարունակել դեպի ՄԽ անդամ մյուս երկրներ», – նշում է Բեքարյանը:
«Եթե հանդիպման նախաձեռնողը Թուրքիան է, ապա ՄԽ համանախագահները պետք է հանդիպման հետ կապված ունենային պայման, որ չի կարելի հանդիպումն օգտագործել ի շահ Թուրքիայի և Ադրբեջանի՝ դրանով ապակառուցողականություն բերելով բանակցային գործընթացին: Հետևաբար, նման պայմանավորվածություն ՄԽ համանախագահ երկրները Թուրքիայի հետ չեն ունեցել: Նրանք չե՞ն պատկերացրել հայկական դիվանագիտության արձագանքը նման զարգացման պարագայում: Իսկ եթե ունեցել են պայմանավորվածություններ և թուրքական կողմը խախտել է դրանք, ՄԽ համանախագահությունը որևէ կերպ պետք է արձագանքեր դրան՝ եթե ոչ սեփական նախաձեռնությամբ, ապա կողմերից մեկի դրդմամբ», – նշում է վերլուծաբանը:
Կարեն Բեքարյանն ընդգծում է, որ այս բոլոր հարցերի պատասխանը պետք է ակնկալել մեր արտաքին գործերի նախարարությունից: Նա նաև ընդգծում է, որ նախկինում ևս Թուրքիայի հետ նման հանդիպումներ եղել են, սակայն մի շատ էական տարբերությամբ, որի մասին ԱԳ նախարարը, նրա կարծիքով, միտումնավոր լռում է:
«Երբ եղել են այսպիսի հանդիպումներ, հետո չեն եղել մեկնաբանություններ, որոնք որևէ լրացուցիչ ապակառուցողական հարված են հասցրել բանակցային գործընթացին: Կարծում եմ՝ ԱԳ նախարարին տարբերությունը շատ պարզ է, ուղղակի թեման, նրա նյուանսները շրջանցել՝ փորձ է արվում ցույց չտալ՝ այդ թվում արված աշխատանքի կամ անգործության պտուղները», – նշում է Բեքարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում