Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ցեմենտի ներկրման համար սահմանված 14.000 դրամ պետական տուրքի ժամկետը

Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ցեմենտի ներկրման համար սահմանված 14.000 դրամ պետական տուրքի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, Tert.amԱԺ-ն քննարկեց Կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմանական զեկուցող, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հայտարարեց, որ Կառավարությունն առաջարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը երկարաձգել մինչև դեկտեմբերի 31-ը:

Նրա խոսքով՝ Իրանից ներմուծվող ցեմենտի ծավալներն անկում են ապրել, հայկական արտադրության ծավալն էլ որոշակի անկում է ապրել, սակայն ՀՀ-ում գործող երկու խոշոր ընկերություններից մեկի արտադրանքի ծավալի աճ է գրանցվել:

«Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի ներքին արտադրությունը խթանելու և ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ»,- ասաց Էկոնոմիկայի փոխնախարարը՝ ընդգծելով, թե օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, և Կառավարությունը համարում է, որ ժամկետի երկարաձգումն իրատեսական է և նպատակահարմար:

Ավանեսյանի խոսքով՝ ժամկետն ընտրվել է մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ այդ ընթացքում պատկան մարմինը կշարունակի մոնիթորինգ իրականացնել և նոր փաստեր առաջ գալու դեպքում հանդես գալ առաջարկներով:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ դիտարկում արեց, թե 14 000 դրամ պետտուրքը հնարավորություն կտա և՛ շուկայում պահպանել իրանական ցեմենտի առկայությունը, և՛ տեղական արտադրողներին՝ շարունակել արտադրությունը՝ այդպիսով բալանսավորելով շուկան:

Հիշեցնենք` 2019թ. հունիսի 3-ին Ազգային ժողովն ընդունեց ցեմենտի 1 տոննայի նկատմամբ 14 000 դրամ պետական տուրք սահմանելու մասին կառավարության առաջարկած նախագիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում