Ձերբակալություններ Ախալքալաքում` նախօրեին տեղի ունեցած կրակոցների պատճառով

Ձերբակալություններ Ախալքալաքում` նախօրեին տեղի ունեցած կրակոցների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, Yerkir.amՎրաստանի ՆԳ նախարարության Սամցխե-Ջավախքի վարչության Ախալքալաքի շրջանային բաժնի աշխատակիցները մարտի 29-ին անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1954 թվականին ծնված Ս.Պ.-ին և 2001 թվականին ծնված Ա.Մ.-ին: Նրանք մեղադրվում են հրազենի օգտագործման միջոցով կատարած խուլիգանության մեջ, ինչը ենթադրում է 4-ից 7 տարվա ազատազրկում:

Հետաքննությունը հաստատել է, որ մարտի 26-ին, Ախալքալաքի Թավիսուփլեբա և Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում գտնվող «Գոլդ» սրճարանի մոտակայքում տեղի ունեցած վեճի ժամանակ մեղադրյալները հրազենից կրակոցներ են արձակել:

Տեղի ունեցածի վերաբերյալ ընթացում է հետաքննություն Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասով:

Ախալքալաքցիները փաստում են, որ ձերբակալված Ս.Պ.-ն հենց ինքը՝ Սամվել Պետրոսյանն է, իսկ Ա.Մ.-ն՝ Հենզել Մկոյանի եղբոր որդին։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին, ժամը 15:30-ի սահմաններում, պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ կրակոցներ են արձակվել. միմյանց վրա կրակել են «Վրացական երազանք» խմբակցության գործող պատգամավոր Հենզել Մկոյանը և «Միացյալ ազգային շարժման» նախկին պատգամավոր, Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը:

Փաստի առթիվ ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել միանգամից երկու հոդվածով:

Հիշեցեցնենք՝ Ախալքալաքի Jnews.ge լրատվական կայքի հաղորդմամբ՝ մարտի 26-ին Ախալքալաքում կրակոցներ էին հնչել «Վրացական երազանք» խմբակցության պատգամավոր Հենզել Մկոյանի տան և խորհրդարանի նախկին պատգամավոր և Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանին պատկանող սրճարանի հարակից տարածքում: Ավելի ուշ՝ նույն կայքը հայտնել դեպքի որոշ մանրամասներ։

Ե՛վ Պետրոսյանի, և՛ Մկոյանի ընտանիքները Ջավախքում հայտնի են որպես բիզնեսմեն-պաշտոնյաների ընտանիքներ, և երկու գերդաստանների միջև նշյալ հակասությունները (ինչի արտացոլումն էր նաև վերոնշյալ միջադեպը), բնականաբար, Ջավախքում ազդեցիկ դիրքերի հաստատման ուղղությամբ տարվող «կենաց ու մահու» պայքարի արդյունք են։

Թե որքանո՞վ է բազում խնդիրների մեջ թաղված ջավախահայությունը շահում այսպիսի իրավիճակից՝ այլ քննարկման հարց է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում