«Իրատես»․ 26 500 դրամ՝ մեկ ամսվա համար․ սա ծա՞ղր է, թե աջակցություն

«Իրատես»․ 26 500 դրամ՝ մեկ ամսվա համար․ սա ծա՞ղր է, թե աջակցություն

«Ոչ թե երեք ժամ «լայվ» պիտի մտնել, «պատահական» զանգերով ճշտել, թե ինչ է կատարվում քո երկրի քաղաքացու հետ, որին ընդամենը երկու տարի առաջ ոսկե սարեր խոստացար ու նրա ուսերի վրայով նստեցիր վարչապետական աթոռին, այլ ձեռքերը «քշտած» պիտի լծվեիր վերահաս վտանգը կանխելու գործին։

Կորոնավիրուսից ազատվելը ժամանակի և ճիշտ քայլերի խնդիր է, իսկ դրանից հետո տնտեսական ավելի վտանգավոր «վիրուսի» հաղթահարումը գուցե տարիներ կպահանջի։ Մինչդեռ առողջապահական խնդիրների մեջ խճճված Նիկոլ Փաշինյանի կառավարությունից տնտեսական ճգնաժամի հաղթահարում սպասելն անիմաստ զբաղմունք է։ Ինչու՞։ Հազար ու մի պատճառներով։ Թեկուզ միայն այն, թե այս վիճակում ինչ է նա առաջարկում մեկ ամիս չաշխատած իր քաղաքացուն։ Խոսենք ավելի առարկայական։

Մինչ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ իրենց քաղաքացիների հոգսը թեթևացնելու համար համալիր լուծումներ են առաջարկում, մենք 9-բալանոց դատարկություն ենք ներկայացրել ու անհասկանալի պայմաններով դասակարգել մարդկանց։

8 ամսում 14 միլիոն 566 488 դրամ կամ մոտ 31 000 ԱՄՆ դոլար պարգևավճար ստացած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացրած սոցիալական աջակցության միջոցառումները փաստի առաջ կանգնած քաղաքացու աչքին թոզ փչելուն հավասար են։ Ի՞նչ է առաջարկում պարգևավճարներով սնված ու իրականության զգացողությունը վաղուց կորցրած երկամյա կառավարությունը։ Ընդամենն անդրադառնանք մեկ միջոցառման։

Կառավարությունը որոշել է աջակցել այն ընտանիքներին, որոնք 0-18 տարեկան երեխա ունեն։ Սակայն պարզվում է աջակցություն կստանան այն ընտանիքները, որտեղ երկու ծնողները չունեն գրանցված աշխատանք, երեխաները և ծնողներից առնվազն մեկը բնակվում են ՀՀ-ում, և, ուշադրություն`չեն հանդիսանում ընտանեկան նպաստ ստացող։ Այսպիսի ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի համար 26500 դրամի չափով աջակցություն է տրվելու։ 26500 դրամ մեկ ամսվա համար, սա ծա՞ղր է, թե՞ աջակցություն։

Քանի՞ օր այդ ընտանիքը կարող է այդ գումարով ապրել, նույնիսկ եթե այս թանկացումների ալիքի մեջ միակ «փոխարինիչը» հացը համարվի։ Եթե այդպիսի գումարով հնարավոր է մեկ ամիս գոյատևել, ինչու՞ են իրենց ոչ թե 26500 դրամ, այլ միլիոններով պարգևավճարներ սահմանում։ Իսկ որքա՞ն է պարգևավճարների ֆոնդը, երեք տասնյակից ավելի միլիարդներ, նույնիսկ անհարմար է այդ թվերի կողքին դնել քաղաքացուն «նետվող» գրոշների չափը։ Եվ սա ցինիզմ չէ՞, արհամարհանք՝ «հպարտ» քաղաքացու հանդեպ։ Այնինչ սա խնդրի դեռ միայն մի կողմն է։

Խմբագրություն են զանգել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք սոցիալական ծանր վիճակում են, բայց կառավարության տվյալ «միջոցառման» շահառու չեն։ Զորօրինակ, ընտանիքն ունի 6 երեխա, հայրն ու մայրն աշխատանք չունեն և միակ հույսը պապիկի թոշակն է։ Այս բազմազավակ ընտանիքը չի կարող համարվել շահառու, սակայն իշխանության չծառայած, կենսագրություն չունեցող, ընդամենը քայլած, երեկ սոսկ աշխատավարձով ապրող, այսօր միլիոնավոր դրամների պարգևավճարներից աչքը «չբացող» պաշտոնյան իր բարձր ամբիոնից որոշում է, որ նա անգամ 26 500 դրամի կարիքը չունի, որպեսզի նպաստառուն 30 կամ 40 հազար դրամ է ստանում։ 40 հազար դրամով պիտի 6 երեխա պահի, կոմունալ վճարումներ անի ու սովի չմատնվի։

Եթե այս երկրում բազմազավակ ընտանիքները պետք է նման ճգնաժամային իրավիճակում էլ անտեսվեն, մնում է՝ մի պարզ հարց ուղղել երկրի բազմազավակ վարչապետին. 106 հազար դրամով նա իր 4 երեխանների սննդի, կենցաղային այլ հարցերը կարո՞ղ է լուծել ու նաև սպառած գազի, էներգիայի, ջրի վարձերն էլ վճարել։ Կարո՞ղ է։ Եթե՝ այո, ինչու՞ նա ու իր իշխանության անդամներն էլ չեն սահմանափակվում միայն աշխատավարձով, ինչու՞ են կրկնապատկում իրենց եկամուտները։

Ընդամենը 2 տարի առաջ չէ՞ր, որ Փաշինյանն ասում էր, թե ժողովուրդն է իշխանության տերը, ուրեմն ինչու՞ ժողովրդի պես չի ապրում։ Ժողովուրդը մնաց նույն տեղում, իսկ Փաշինյանի ու իր թիմակիցները միանգամից այնպիսի բեկում արձանագրեցին, այն էլ «հեղափոխական»։ Ախր հենց ինքն էր, չէ՞, համոզել մարդկանց, որ մեր երկրում բոլորն են վարչապետ։ Եթե այդպես է, ուրեմն ինչու՞ է միայն նրա ու իր շրջապատի վարչապետների կյանքն ավելի հարմարավետ շքեղություններով ողողված դարձել»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում