Եգիպտոսի նախագահը մերժել է բանակի ներկայացրած վերջնագիրը

Եգիպտոսի բանակի կողմից ներկայացված վերջնագիրը խառնաշփոթ է առաջացնում եւ սպառնում է սոցիալական կայունությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ հուլիսի 2-ին հանդես է եկել երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի դիվանատունը:

«Մենք մտադիր ենք այսուհետեւ էլ շարժվել նախանշված ուղիով եւ հասնել համապարփակ ազգային հաշտության»,- ասված է հաղորդագրության մեջ: Դրանով իսկ նախագահի դիվանատունն, ըստ էության, մերժել է բանակի հրամանատարության վերջնագիրը, որով քաղաքական գործիչներին 48 ժամ էր տրվում երկրում առկա ճգնաժամը լուծելու համար:

Բանակից անմիջապես հետո ժողովրդի կողմն է բռնել նաեւ ոստիկանությունը: Ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, ՆԳ նախարարի վրա ճնշում էր գործադրվում նախագահի դիվանատան կողմից, որպեսզի նա «ռեպրեսիվ միջոցներ ձեռնարկի» հրապարակներում բողոքողների նկատմամբ եւ թույլատրի մի խումբ ընդդիմադիր ղեկավարների ու լրագրողների ձերբակալությունները: Սակայն ներքին գործերի նախարարը կտրականապես մերժել է «արտակարգ միջոցների կիրառումը»:

Եգիպտոսի զինված ուժերը նախագահ Մուհամեդ Մուրսիին եւ նրա շրջապատի անդամներին արգելել են լքել երկրի տարածքը: Ինչպես նշել են բանակի ներկայացուցիչները, «Մուսուլման եղբայրների» ղեկավարության բոլոր անդամներն, ըստ էության, տնային կալանքի տակ են:

Արդեն պաշտոնաթողության խնդիրագրեր են ներկայացրել երկրի կառավարության 11 նախարարներ, սակայն դրանք մերժվել են:

Իսլամական ճամբարում «Մուսուլման եղբայրներից» հետո կարեւորությամբ երկրորդ քաղաքական ուժը՝ «Նուր» սալաֆիթյան կուսակցությունը, հանդես է եկել հայտարարությամբ, որով առաջարկել է կազմել տեխնոկրատների կառավարություն, որը կստանձնի վաղաժամկետ նախագահական ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը: Սալաֆիթները կոչ են արել Մուրսիին զիջումների գնալ իր ընդդիմախոսներին:

«Նուր»-ի դիրքորոշումը նշանակում է, որ իսլամիստների շրջանում պառակտում է տեղի ունեցել: Սալաֆիթները փաստորեն պաշտպանել են Ազգային փրկության եւ հեղափոխական երիտասարդության ճակատի հիմնական պահանջը: Սալաֆիթյան մյուս կազմակերպությունը՝ «Ադ Դաավա աս Սալաֆիան», նույնպես հանդես է եկել վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու օգտին:

«Մասրաուի» ինտերնետ-հրատարակությունն այսօր հաղորդել է, որ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Քամել Ալի Ամրը հայտարարել է իր պաշտոնաթողության մասին: «Նախարարն իր պաշտոնը թղել է հունիսի 30-ի ընդգրկուն ցույցերից հետո երկրի իրադրության սրվելու կապակցությամբ»,- հրատարակությունը մեջբերել է դիվանագիտական աղբյուրների խոսքը:

Ամրը համալրել է Հիշամ Կանդիլի կառավարության այն նախարարների ցուցակը, ովքեր ցանկացել են թողնել իրենց պաշտոնները: Ինչպես ավելի վաղ հաղորդել է «Ալ Բալյադ» լրատվական պորտալը, ԱԳ նախարարը իր որոշումը բացատրել է «Եգիպտոսն ընդգրկած ժողովրդական ելույթների նկատմամբ նախագահի դիվանատան դիրքորոշմանը իր անհամաձայնությամբ»: Բացի այդ, ավելի վաղ պաշտոնաթող է եղել պետության ղեկավարի խորհրդական Սամի Անանը, որը մինչ այդ զբաղեցնում էր բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնը եւ մտնում էր անցումային շրջանում երկիրը գլխավորած զինված ուժերի գերագ ույն խորհրդի մեջ: Զբաղեցրած պաշտոնները լքելու մասին հայտարարել են նաեւ Իսմայիլիա եւ Սոհագ նահանգների ղեկավարները:

Տասնյակ եգիպտոսցի դիվանագետներ խնդրագիր են ստորագրել նախագահ Մուհամեդ Մուրսիի անունով՝ կոչ անելով նրան պաշտոնաթող լինել: Ինչպես այսօր հաղորդել է «Ալ Ահրամ» լրատվական պորտալը, համատեղ դիմումը պատրաստել էին ԱԳ նախարարության 91 աշխատակիցներ, որոնց թվում կան արտասահմանում աշխատողներ: Դրանում նրանք, մասնավորապես, հայտարարել են, թե պետության ղեկավարի հեռանալն անհրաժեշտ է «արյունահեղությունից խուսափելու համար»:

Reuters գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի նախագահները հուլիսի 1-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են վերջին օրերին Եգիպտոսում ստեղծված իրադրությունը: Ըստ գործակալության տվյալների՝ զրույցի ընթացքում Մուրսին ընդգծել է, որ Եգիպտոսում տեղի է ունենում ժողովրդավարական վերափոխումների խաղաղ գործընթաց: Երկու պետությունների ղեկավարների զրույցի մանրամասներ չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում