ԱԳՆ նախարարների մասնակցությամբ նորմանդական ձևաչափով տեսակոնֆերանսը նախատեսված է հաջորդ շաբաթ․ Լավրով

ԱԳՆ նախարարների մասնակցությամբ նորմանդական ձևաչափով տեսակոնֆերանսը նախատեսված է հաջորդ շաբաթ․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, Analitik.amԱրտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ նորմանդական ձեւաչափով (Ռուսաստան, Գերմանիա, Ուկրաինա, Ֆրանսիա) տեսակոնֆերանսը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Այս մասին «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք իսկապես նորմանդական ձևաչափով տեսակոնֆերանսի անցկացումը պլանավորել ենք հաջորդ շաբաթ: Երբ անցյալ տարվա դեկտեմբերին Փարիզում չորս երկրների առաջնորդները հավաքել էին, նրանք պայմանավորվեցին, որ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականներն ու արտգործնախարարները կհետևեն և կվերահսկեն այն պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել Փարիզում»,- ասել է նախարարը:

Նորմանդական քառյակի ԱԳՆ ղեկավարների հաջորդ շաբաթ նախատեսված բանակցությունները դժվար թե արդյունք տան, ասել է Լավրովը:

«Ես կանխատեսում եմ բավական, հավանաբար, կարևոր զրույց նախարարների մակարդակով, քանի որ մենք այս ամենի մասին բազմիցս խոսել ենք Գերմանիայում և Ֆրանսիայում,– ասել է նա,- Խնդրել ենք իրենց վրա վերցնել պատասխանատվությունը` ուկրաինական իշխանություններին, այնուամենայնիվ, մղելու ազնիվ և կառուցողական աշխատանքի: Սակայն որևէ արդյունք, անկեղծ ասած, չեմ սպասում այս տեսակոնֆերանսից, բացի այն, որ ուկրաինացի գործընկերները, ամենայն հավանականությամբ, նորից կասեն. «Եկեք շուտով միասին հավաքվենք Բեռլինում»։

Ռուսաստանը համոզված է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իսկապես խաղաղություն է ուզում Դոնբասում, սակայն առայժմ նրան թույլ չեն տալիս բարեխղճորեն շարժվել այդ ուղղությամբ, հայտարարել է Սերգեյ Լավրովը:

«Ափսոսանքով ստիպված եմ խոստովանել, որ մեր ողջ համոզվածության հետ մեկտեղ, որ նախագահ Զելենսկին անկեղծորեն ցանկանում է խաղաղություն, ինչպես եւ նա ասել է նախընտրական քարոզարշավի ընթացքում, մենք դեռեւս չենք տեսնում, որ նրան թույլ տան շարժվել դեպի 2015 թվականի Մինսկի փետրվարյան միջոցառումների համալիրի բարեխիղճ եւ ազնիվ կատարման ուղղությամբ»,– ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Ուկրաինան սաբոտաժի է ենթարկում Փարիզում նորմանդական ձեւաչափով գագաթաժողովի որոշումների քաղաքական մասը, հավելել է Լավրովը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում