Արցախի խորհրդարանում ձևավորվեցին 7 մշտական հանձնաժողովները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության յոթերորդ գումարման խորհրդարանը կունենա 7 մշտական հանձնաժողով։ Այսօր նոր ձևավորված ԱԺ-ի անդրանիկ նիստի ընթացքում խորհրդարան անցած հինգ քաղաքական ուժերը փակ քվեարկությամբ ընտրեցին ԱԺ նախագահին և հանձնաժողովների ղեկավարներին։
Այսպես, Արցախի խորհրդարանում կգործեն արտաքին հարաբերությունների, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի, պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի, պետական-իրավական հարցերի, սոցիալական և առողջապահության հարցերի, ինչպես նաև ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները:
Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Վլադիմիր Կասյանը:
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ևս խորհրդարանական մեծամասնություն ունեցող Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից է։ Պատգամավոր Արամ Հարությունյանը վստահեցրեց, որ առաջնահերթ է համարում ներառական կրթության համակարգի բարելավումը, քանի որ այդ ոլորտում կան խնդիրներ:
Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Սևակ Աղաջանյանը։
Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արամ Գրիգորյանը:
Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից պատգամավոր Արթուր Հարությունյանը:
Ձևավորված հանձնաժողովների նախագահները վստահեցրին, որ իրենց բոլոր քայլերը միտված են լինելու Արցախի զարգացման ու պետությունում ժողովրդավարության հաստատմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում