Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը

Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Times.amԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է երկու կարևոր նշանակումների մասին։ Հայկական երկրորդ հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Մասիս Մայիլյանը, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Սամվել Բաբայանը։ Ըստ Արայիկ Հարությունյանի խոսքերի, նման նշանակումների հիմնական շարժառիթը Արցախում միասնականության ոգու պահպանումն է եղել։ Նրանցից մեկը՝ Մասիս Մայլիլյանը, ըստ նախագահի տրամաբանության, պիտի ապահովի այդ միասնությունը որպես նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակից, իսկ Սամվել Բաբայանը՝ որպես խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար։ Ասել է, թե Արցախի ամենաազդեցիկ ուժերը՝ Արայիկ Հարությունյանն ու իր քաղաքական թիմը՝ որպես նախագահական և խորհրդարանական ընտրություններում հաղթած թեկնածուներ, և Մասիս Մայիլյանն ու Սամվել Բաբայանը՝ որպես նույն ընտրություններում համապատասխանաբար երկրորդ հորիզոնականում հայտնված ուժեր, հիմա արդեն մեկ միասնական թիմի մաս են կազմում, և դրանով լուծվում է քաղաքական դաշտի միասնականության խնդիրը։ Իհարկե, սա նույնպես համաձայն Արայիկ Հարությունյանի տրամաբանության։

Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան պարզ է։ Իհարկե՝ ոչ։ Խնդիրն այն է, որ ո՛չ Մասիս Մայիլյանը և ո՛չ էլ Սամվել Բաբայանը այսօր չեն կարող համարվել այդքան մեծ ազդեցություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչներ։ Մեկ պարզ պատճառով՝ Մասիս Մայիլյանին նախագահական ընտրություններում տրված քվեներն իրականում նրանը չէին, այլ՝ Սամվել Բաբայանի կողմից ընդդիմադիր տրամադրված քաղաքացիներին դեպի Մայիլյան ուղղորդելու փաստի արդյունքն էին։ Ինքը՝ Արցախի վերանշանակված արտգործնախարարը, հայկական երկրորդ պետությունում ձայներ գրեթե չունի։ Ապացույցը՝ նրա առաջնորդած կուսակցության խորհրդարանում հայտնվելու նվազագույն շեմը չհաղթահարելու փաստն է։

Ինչ վերաբերվում է Սամվել Բաբայանին, ապա իր օգտին քվեարկած արցախցիների հույսն ու սպասելիքներն ամենևին այն չէին, որ ընտրություններից հետո Բաբայանը մաս կկազմի Արայիկ Հարությունյանի իշխանությանը։ Ճիշտ հակառակը, մարդիկ կարծում էին, որ այդկերպ կարող էին խոչընդոտել Հարությունյանի՝ նախագահի պաշտոնում ընտրվելու հնարավորությանը։ Դա Արցախի հանրության ընդդիմադիր հատվածն էր, որն այսօր իրեն խաբված է համարում և նույն ջանասիրությամբ, ինչ փնովում էր Արայիկ Հարությունյանին, այսօր դժգոհում է նաև Սամվել Բաբայանից։ Այսինքն ո՛չ Մասիս Մայիլյանը և ո՛չ էլ Սամվել Բաբայանը այլևս չեն ներկայացնում իրենց ձայն տված քաղաքացիներին և, ըստ այդմ, չեն կարող համարվել Արցախում քաղաքական կշիռ ունեցող երկրորդ ուժերը։ Կնշանակի՝ Արայիկ Հարությունյանի հռչակած քաղաքական միասնականությունը դեռևս կայացած փաստ չէ և դա պետք է անհանգստացնի Արցախի ճակատագրով մտահոգ ցանկացած մեկին։ Որովհետև խնդիրն իրականում շատ ավելի ընդգրկուն է, քան զուտ Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի նշանակումն է։

Վատ չէ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսում է միասնականության մասին։ Բայց եկեք հասկանանք, թե իրական ի՞նչ ուղերձ նա տվեց հանրությանն այսօրվա իր նշանակումներով։ Առնվազն պարզ դարձավ, որ Արցախի նորընտիր նախագահը պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող երկու ուղղությունների՝ արտաքին քաղաքականության և անվտանգության համար չուներ սեփական հայացքները կիսող թեկնածուներ։ Կնշանակի՝ նաև համապատասխան թիմ։ Իհարկե, հասկանալի է, որ մարդկային ռեսուրսները Արցախում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում, խիստ սահմանափակ են։ Բայց գոնե թե երկու այդ ոլորտներին համապատասխան թեկնածուներ սեփական քաղաքական թիմից Արցախի նախագահը պարտավոր էր ունենալ։ Որովհետև չեն կարող արտգործնախարարն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը լինել քաղաքական կոնյուկտուրաների ծնունդ։ Էլ ի՞նչ իշխանություն, եթե անգամ այս երկու կարևոր ուղղություններում հաշվարկի հիմքը պետք է լինի ոչ թե երկրի արտաքին շահերն, անվտանգությունն ու նախագահի քաղաքական ծրագրերը, այլ ստեղծված հանգամանքները։ Սա առաջինը։

Երկրորդ, դեռևս 2019-ի օգոստոսին հրապարակված մի հոդվածում ես գրել եմ, որ Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը միևնույն քաղաքական ծրագրի մասնիկներ են։ Ծրագիրն էլ եմ ներկայացրել՝ 1992թ.-ի օրինակով Սամվել Բաբայանի ու Արայիկ Հարությունյանի միջոցով չեզոքացնել Արցախում ձևավորված ռազմաքաղաքական վերնախավի ազդեցությունը ՀՀ իշխանությունների օրակարգի վրա։ Այսօր մենք դարձանք այդ ծրագրի բոլոր տարրերի վերջնական բացահայտման ականատեսը։ Եվ սա շատ վատ լուր է, որովհետև դրա արդյունքը լինելու է ոչ թե միասնականությունը, այլ հակամարտությունը՝ համընդհանուր անվտանգության գործում մեծ վաստակ ունեցած և հանրային հեղինակություն վայելող մի շարք անձանց հետ։ Անուններ չտամ, կարծում եմ՝ ամեն ինչ այնպես էլ պարզ է։

Եվ վերջապես երրորդը, Սամվել Բաբայանին ու Մասիս Մայիլյանին իր հետ միևնույն նավակ վերցնելով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կզրկվի իրեն աջակցություն ցուցաբերած ազդեցիկ մարդկանց զգալի հատվածի վստահությունից։ Այսինքն, դժգոհություններ կառաջանան նաև իր թիմում, ինչը զգալի կթուլացնի նորընտիր նախագահի դիրքերն իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից սկսած։ Սա նույնպես մեծ խնդիր է, որը չի կարող ազդեցություն չունենալ Արցախի հետագա կայունության վրա։

Բայց ամենակարևոր խնդիրն այն է, որ թե՛ Մասիս Մայիլյանը և թե՛ Սամվել Բաբայանը պաշտոնական Երևանի կողմից արված նշանակումներ են։ Իսկ դա խոսում է այն մասին, որ վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը։

Ի՞նչ է ստացվում արդյունքում։ Հարցը, իհարկե, կարևոր է, հնարավոր պատասխաններն էլ, մեղմ ասած, ոչ այդքան հուսադրող։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Իրավիճակին պետք է ադեկվատ գնահատական տալ և ելքեր գտնել, ցավոք, արդեն ոչ թե Ստեփանակերտում, այլ՝ Երևանում։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում