Միքայել Մինասյանի կալանավորման խայտառակ որոշման վերացումը Վերաքննիչի կողմից սպասելի էր․ Ամրամ Մակինյան

Միքայել Մինասյանի կալանավորման խայտառակ որոշման վերացումը Վերաքննիչի կողմից սպասելի էր․ Ամրամ Մակինյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՍուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշման վերացումը Վերաքննիչ դատարանի կողմից սպասելի էր, որովհետև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն ակնհայտ ապօրինի որոշում էր կայացրել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Մինասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը։

«Կալանավորման որոշումը վերացվել է, երբ Առաջին ատյանի դատարանի որոշումը վերանում է, ուրեմն որոշման հետևանքները նույնպես վերանում են: Մինասյանի կալանավորման խայտառակ որոշման վերացումը Վերաքննիչի կողմից սպասելի էր, որովհետև ուղղակի խայտառակություն էր՝ օրինականության շեմով: Նման բնույթի անօրինական որոշում պետք է երկար փնտրել»,- ասաց Մակինյանը:

Նրա խոսքով՝ այժմ չեն զարմանա և սպասելի է, որ իշխանությունը Միքայել Մինասյանի վերաբերյալ այլ «գործեր» կփնտրի:

«Հիմա մենք արդեն չենք զարմանա, որ պարոն Մինասյանին վերագրվի Գառնու տաճարի սեփականաշնորհում»,– ասաց Մակինյանը:

Նշենք, որ մայիսի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը և Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում կայացրել:

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանին Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում