Շահան Քանդահարյանը` Լիբանանում ստեղծված իրավիճակի, «սիրիական սցենարի կրկնության» և հայ համայնքի մասին

Լիբանանում քաղաքական դաշտը բաժանված է երկու հիմնական ճամբարների միջեւ. առաջինը ղեկավարում է «Մուսթաքբալ» շարժումը նախկին վարչապետ Սաատ Հարիրիի նախագահությամբ, իսկ երկրորդը’ շիա համայնքը’«Հեզբոլլահ» կուսակցության գլխավորությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: «Տարածաշրջանային մակարդակի վրա այսօր աշխարհաքաղաքական բաժանարար ծրագրեր գործի են լծվել շիաների եւ սուննիների միջեւ բախումնային իրավիճակներ ստեղծելու համար։ Լիբանանն արտաքին ուժերի ներթափանցման համար բաց հրապարակի է վերածվել. շրջանային եւ միջազգային ուժերն ունեն իրենց ազդեցության գոտիներն ու այնպիսի ուժեր, որոնց վրա հենվում են»,-ասաց Քանդահարյանը:

Անդրադառնալով հայ համայնքի վիճակին Լիբանանում ստեղծված լարված իրավիճակի պայմաններում’ գլխավոր խմբագիրը նշեց, որ հայ համայնքը, իհարկե, թիրախավորված չէ ներկա լարված իրավիճակում։

«Բայց իբրեւ Լիբանանում ապրող և շատ կազմակերպված համայնք եւ ազգաբնակչություն ինքը եւս տուժում է»,-նկատեց Քանդահարյանը’ հավելելով, որ անապահով իրավիճակը, միջադեպերը, քաղաքական անորոշությունը բերում են սոցիալ- տնտեսական խնդիրներ: Նա ընդգծեց, որ երիտասարդների որոշակի արտագաղթով եւ կառույցների տնտեսական տագնապով կարելի է բնութագրել հայ համայնքի բախումներից ազդված լինելու իրողությունը։

«Չեմ կարծում, որ համալիբանանյան բռնկվածություն կունենա լարված այս իրավիճակը, քանզի բախումները տեղային բնույթ են կրում: Ինչպես հրահրող որոշ կողմեր եւ պատճառներ կան, այնպես էլ զսպիչ ուժեր։ Նախադրյալներն ու փաստերը հուշում են, որ այս պահի դրությամբ չկա արտաքին ուժերի որոշում Լիբանանում մեծածավալ պատերազմ սանձազերծելու։ Այն չէր լինի նաեւ Սիրիայում, եթե արտաքին ուժերը նման որոշում չկայացնեին»,- հայտնեց քննդահարյանը’ ի պատասխան այն դիտարկմանը’ հնարավոր է արդյոք Լիբանանում «սիրիական սցենարի կրկնություն»։ Նրա խոսքով’ այսուհանդերձ, մթնոլորտն ու ենթահողը գոյություն ունեն։

Լիբանանն ունի պետական եւ հասարակական բավականաչափ բարդ համակարգ ու դրվածք։ Լիբանանում ընդունված են 7 գլխավոր համայնքներ’ սուննիները, շիաները, դուրզիները, մարոնիները, հույն օրթոթոքսները ,հույն կաթոլիկներն ու հայերը։ Բոլորը ներկայացված են Ազգային ժողովում, կառավարությունում եւ պետական հաստատություններում համապատասխան թվով։ Այս համաձայնեցված քանակի նվազագույն խախտում կարող է հանգեցնել անհամաձայնությունների եւ քաղաքական ճգնաժամերի։ Լիբանանում ապրում են նաեւ պաղեստինց? ?ները, որոնք չունեն լիբանանյան քաղաքացիություն. ապրում են որոշակի ինքնավարության պայմաններում:

Լիբանանում տեղի ունեցող բախումների հետեւանքով հայկական համայնքը չի տուժել: Այնտեղ հունիսի 23-ի հետմիջորեին Հարավային Լիբանանի Սայդա քաղաքում ստեղծվել էր պատերազմական իրավիճակ, երբ իսլամական խմբավորումներից տարրեր հարձակվել էին լիբանանյան բանակի վրա. բանակը տվել էր զոհեր եւ վիրավորներ: Զինված իսլամիստները հունիսի 24-ից տների տանիքներից դիպուկահար կրակ էին բացում Սայդայի՝ Լիբանանի հարավային մայրաքաղաքի փողոցների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում