Մի՛ եղիր ընդդեմ ճշմարտության և ամաչի՛ր քո անարժանության համար
Նմանատիպ
Մի՛ ակնածիր հզորից, մինչև մահ պայքարի՛ր հանուն ճշմարտության, և Տեր Աստված կպայքարի քեզ հետ:
Սիրաք 4;33
Հավանություն մի՛ տուր ամբարիշտների հավանած բանին. հիշի՛ր, որ մինչև դժոխք չես արդարանա:
Սիրաք 9;17
Արժանապատիվ կյանք, արժանավայել մահ: Միշտ հավատարիմ ճշմարտությանը: Տեր Աստված աջակից և զորավիգ է այդպիսի ընթացք ունեցողին: Նրան, ով ճանաչում է ճշմարտությունը և ազատ է զանազան սոփեստ մանիպուլյացիաներից: Ապրել ճշմարտությանը արժանի կյանքով, մերժել ամբարիշտների հավանած բաները, եթե անգամ այդ ամբարիշտները դարիս հզորներն են: Ճշմարտութունը միշտ խոսուն է, ո՛չ միշտ լսելի և ընդունելի: Ճշմարտությունն ատելի է հանդիմանություն չսիրողների համար, որոնք ինքնակամ կուրանում են, փակում են իրենց աչքերը փաստերի առաջ: Խոսքը վերաբերում է սեփական ընթացքի և ճշմարտության անհամատեղելիության փաստերին: Փաստերը հռչակվում են, միայն եթե սեփական անձին չեն վերաբերում, այլ մեկ ուրիշին: Սակայն ճշմարտությունը կա, անկախ նրան դիմադրողների վերաբերյալ փաստերից: Եվ պետք է խոսել ճշմարտությա՛ն մասին, ոչ թե կենտրոնանալ փաստերի վրա: Պետք է պայքարել հանուն ճշմարտության, ոչ թե փաստերի դեմ, քանզի այդ փաստերի հետևում նրանք են, ում համար Ինքը Ճշմարտությունը խաչվեց. մեզ պես թյուրիմացությունները: Նա, ով մերժում է հանդիմանութունն ու խրատը, նախատինք է դառնում իր հետնորդների համար: Ով ընդունում և ուղղում է իր շավիղները, հավատարիմների հետ օրհնություն է ժառանգում: Հիսուսը հանդիմանեց սամարացի կնոջը, իսկ նա գնաց յուրայինների մոտ և հռչակեց, թե Քրիստոսին է տեսել, որովհետև միայն Քրիստոսն իր կյանքից այդքան փաստեր կարող էր իմանալ: Հիսուսը հանդիմանեց ազգակից փարիսեցիներին և օրենսգետներին, և նրանք խաչեցին Նրան: Վերցնել սեփական խաչը, նշանակում է հանձնառել հանուն ճշմարտության գիտակից և աննահանջ պայքարի ընթացքը, որովհետև այդ ընթացքի վրա միշտ կգտնվեն մեխերով ու մուրճերով զինված «կամավորներ»: Բայց վերցնել սեփական խաչը, նշանակում է նաև սեփական անձի վրա վերցնել այլոց պակասությունները և լրացնել, վերցնել այլոց ցավերը և դարմանել: Վերցնել սեփական խաչը, նշանակում է գիտակցել, որ ամեն բան աշխարհում այնքան պարզունակ չէ, որքան և պարզ է միաժամանակ: Եթե միայն մարդիկ խիզախեին հանրայնացնել և հրապարակել սեփական մութ պուճախներին ի պահ տրված խավար գործերը, խավարը զգալիորեն կպակասեր: Մինչդեռ մարդիկ գերադասում են վերածվել բութ ու խուլ ամբոխի և առաջ քաշել խաչի հերթական թեկնածուին, Քրիստոս լինի, թե նմանակող, որպեսզի նրա վրա բարդեն իրենց իսկ պակասություններն ու ցավերը: Ինչպես ժամանակակից բժշկությունը մարդուն բուժելու փոխարեն քողարկում է ախտանշանները, այնպես էլ ժամանակի արժեչափերը, մարդկության ախտերը բուժելու փոխարեն, թիրախավորում են ցայտուն արտահայտված ախտանշանը:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում