«Ինչ-որ մեկը կարո՞ղ էր ձեր խոսքի դեմ բան ասել». դատավորը Ռոբերտ Քոչարյանին հարցրեց նախագահ եղած տարիների մասին

«Ինչ-որ մեկը կարո՞ղ էր ձեր խոսքի դեմ բան ասել». դատավորը Ռոբերտ Քոչարյանին հարցրեց նախագահ եղած տարիների մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am:  Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Այսօրվա դատական նիստին ներկայացել է նաև Ռոբերտ Քոչարյանը, որը ստացիոնար բուժում էր ստանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ իր համար երաշխավորություն ներկայացրած Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյան հետ հարաբերություններին։

«Տասնամյակների հարաբերություններ են ձևավորված ու այդ հարաբերությունները ձևավորվել են մինչև վերջին տարիները», – ասաց Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահն ասաց՝ կա ձևավավորված կարծիք, որ ինքը խոսքի տեր մարդ է։

«Երբեք պատասխանատվութնյունից չեմ խուսափում։ Անկեղծ ասեմ՝ իմ համար բավական տհաճ է, որ ես դատարանում պետք է կանգնեմ ու այդ հանգամանքի կարևորությունը փորձեմ բացատրել՝ օգտագործելով ինչ-որ բառապաշար», – ասաց նա։

Դատավոր Նիկողոսյանը հետաքրքրվեց. «Ինչո՞ւ է տհաճ, պարոն Քոչարյան, դուք կանգնած եք պետության ամենակարևոր ինստիտուտներից մեկի՝ դատարանի առաջ, մի պետության, որի գլուխը հանդիսացել եք երկար տարիներ»։

«Տհաճ է, որովհետև ինձ թվում է, թե դա այն բանն է, որի բացատրության կարիքը չպետք է լինի՝ կենսագրությունիցս ելնելով», – արձագանքեց Քոչարյանը։

Դատավոր Նիկողոսյանը հարց հղեց Քոչարյանին, թե ի՞նչ է մտածում՝ որևէ մեկը կարո՞ղ էր իր խոսքին հակառակվել.

«Ինչ-որ մեկը կարո՞ղ էր ձեր խոսքի դեմ բան ասել, դուք ո՞նց կվերաբերվեիք էդ երևույթներին», – հարցրեց Արսեն Նիկոսղոսյանը։

«Իմ հետ աշխատած պաշտոնյաներից ամենից լավը նրանք էին, ովքեր իրենց մեջ համարձակություն էին գտնում վիճել, որոշումների որակը դրանից է կախված, ամենից մեծ հարգանք ես ունենում էի հենց այն մարդկանց նկատմամբ, որոնք կարող էին չհամաձայնել ու դա ուղղակի մենք հանրային չէինք անում», – ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց՝ իր համար զարմանալի է, երբ Դատախազությունն իր պաշտոնավարման հանգամանքն օգտագործում է որպես հնարավորություն մարդկանց ճնշելու համար։

«Ես բացառում եմ, որ կարող եմ մի բան անել, որից կամաչեմ», – ասաց Քոչարյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում