Մանրամասներ՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսից

Մանրամասներ՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հունիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ, հայտնում են ԱԳՆ-ից:

Տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ է կատարվել համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը:

Նախարար Մնացականյանը կարևորել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առերես հանդիպումների և համանախագահների տարածաշրջան այցի հնարավորությունները՝ կախված համավարակային իրավիճակի զարգացումներից:

Միևնույն ժամանակ ընդգծվել է գալիք ամիս հեռավար կապով շփումները շարունակելու պատրաստակամությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում