ՀՀ նախագահի կողմից օրենքի չստորագրման մասին հայտարարելը «կանաչ լույս է» Արարատ Միրզոյանի համար. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ նախագահի կողմից օրենքի չստորագրման մասին հայտարարելը «կանաչ լույս է» Արարատ Միրզոյանի համար. Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Կարծում եմ՝ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «ՍԴ-ի մասին» օրենքի փոփոխությունները չստորագրելը պետք է դիտարկել այն տրամաբանության մեջ, որն ի սկզբանե ուրվագծվում էր, որպես հակաիրավական և հակասահմանադրական։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի աշխատակազմի տարածած տեղեկատվությանն առ այն, որ նախագահը այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:

«Մամուլում նույնիսկ տեղեկություն շրջանառվեց, որ Արմեն Սարգսյանն իշխանություններին ի սկզբանե տեղեկացրել է, որ ինքը չի ստորագրելու սահմանադրական փոփոխությունները, և այդ ֆարսի իրականացման համար նա անգամ զիջեց սահմանադրական փոփոխությունները ստորագրելու իր իրավունքը, հրաժարվեց դրանից: Բայց պարզվեց, որ իշխանությունները կոպտագույն սխալ են թույլ տվել և չեն արել փոփոխություն «Սահմանադարկան դատարանի մասին օրենքում»: Մինչդեռ «ՍԴ-ի մասին օրենքում» փոփոխությունը Սահմանադրության մեջ կատարված սահմանադրական փոփոխություների տրամաբամանական շարունակությունն է: Կարծում եմ ՝ Արմեն Սարգսյանի արածը պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ: Նա պարզապես հրաժարվում է այս ամբողջ հակաիրավական պրոցեսին մասնակից լինելուց և իրավունք ունի չբացատրել, թե ինչու չի ստորագրում: Բայց մենք հասկանում ենք՝ պատճառը ինչն է․ նա չի ցանկանում մասնակից լինել սահմանադրական հեղաշրջմանը և ձեռքերը լվանում է»:

Արփինե Հովհանիսյանը նշեց, որ այս պարագայում կա երկու ճանապարհ: Առաջինն իրավական է՝ այն է, որ 21 օր պետք է սպասել, որից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարող է ստորագրել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունները և հրապարակել, ու ուժի մեջ մտնելուց հետո շարունակել ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու հետ կապված պրոցեսը: Երկրորդ ճանապարհն այն է, որ 21-օրյա ժամկետը չի պահվելու և ստորագրելու են այդ փոփոխությունները ավելի շուտ, ինչը, Արփինե Հովհաննիսյանի պնդմամբ, հակասահմանադրական է և քրեաիրավական արարքների փնջի մեջ կավելացնի ևս մեկը:

Արփինե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ ՀՀ նախագահի նախորդ ստորագրությունը, որը սահմանափակում էր որոշ առումով իր լիազորությունները, հենց այս տրամաբանության մեջ պետք է տեսնել:

«Նա ստորագրել էր այն պատճառով, որպեսզի զերծ մնար սահմանադրական հեղաշրջմանը մասնակից դառնալուց։ Սա դրա շարունակությունն է, որովհետև «Սահմանադրական դատարանի մասին օրենքը» և այն կետը, որը իրենք ուժը կորցրած են ճանաչում ամբողջությամբ վերարտադրում է Սահմանադրության 213 հոդվածի կարգավորումները և դա ստորագրելով՝ նա մասնակից է դառնում սահմանադրական հեղաշրջմանը»:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից նախագահի կայքում այդ տեղեկատվության տեղադրումը «կանաչ լույս է վառում» ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար՝ Սահմանադրությամբ նախատեսված 21-օրյա ժամկետից ավելի շուտ ստորագրելու համար. «Սահմանադրության հերթական ապօրինի և այլասերված մեկնաբանությունը կլինի այս դեպքում, ստորագրումը և հրապարակումը ևս կլինի հակասահմանադրական»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում