Իրանը կտրուկ կպատասխանի ԱՄՆ-ի «քաղաքական հարվածին»

Իրանը կտրուկ կպատասխանի ԱՄՆ-ի «քաղաքական հարվածին»

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am: «Թեհրանը չի հանդուրժի միջուկային գործարքին «քաղաքական հարված» հասցնելու ԱՄՆ փորձերը, կպատասխանի դրան»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Թեհրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման Վաշինգտոնի փորձերի կապակցությամբ: Էմբարգոյի վերացումը նախատեսված է համաձայնագրով:

«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում են քաղաքական հարված հասցնել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին, ապա նրանք պետք է իմանան, որ Իրանը չի հանդուրժի դա և վճռական գործողություն կցուցաբերի ի պատասխան դրան»,- կառավարության նիստում Ռոհանիի արած հայտարարությունը հեռարձակել է իրանական հեռուստատեսությունը:

Իրանը և վեց միջազգային բանակցողներ 2015-ի հուլիսին համաձայնության են եկել լուծելու իրանական ատոմի երկարատև խնդիրը: Ամիսներ տևած բանակցությունները հանգեցրին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (JCPOA) ընդունմանը, որի իրականացումը ամբողջովին վերացնելու էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:

Համաձայնագրով նաև նախատեսված է, որ զենքի էմբարգոն Իրանի վրայից կհանվի հինգ տարվա ընթացքում: Զենքի առաքումը Իրան հնարավոր էր նաև նախկինում, բայց միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ:

Գործարքն իր սկզբնական տեսքով չգոյատևեց նույնիսկ երեք տարի: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց դրանից միակողմանի դուրս գալու և Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին: Այնուամենայնիվ, քանի որ միայն ԱՄՆ-ն է պաշտոնապես դուրս եկել գործարքից, նրա մնացած մասնակիցները պետք է հետևեն զենքի էմբարգոյի վերացման պայմանին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում