ԱԺ-ն առանց գլխադասային հանձնաժողվում քննարկման ծավալուն փաթեթ է ընդունում

ԱԺ-ն առանց գլխադասային հանձնաժողվում քննարկման ծավալուն փաթեթ է ընդունում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանից փորձեց ճշտել, թե ինչով է պայմանավորված ծավալուն օրենսդրական փաթեթը հրատապ՝ առանց գլխադասային հանձնաժողովում քննարկման բերել խորհրդարան և 24-ժամյա ռեժիմով ընդունել:

Հարցը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին, որում ընդգրկված են ևս 5 օրենքի նախագիծ, որոնցով կարգավորվում են հանքշահագործման գործընթացները:

Նկատելով, որ պատգամավորները նույնիսկ չեն հասցրել ծանոթանալ նախագծին՝ Արկադի Խաչատրյանը հարցրեց, թե լուրջ քննարկման կարիք ունեցող փաթեթը կառավարությունն արդյո՞ք չէր կարող սեպտեմբերին կամ հոկտեմբերին բերեր ԱԺ:

Լիլիա Շուշանյանը տեղեկացրեց, որ կառավարությունը փաթեթն անհետաձգելի է համարել, քանի որ մի շարք օրենքներ՝ ժամկետի առումով սպասողական վիճակում են, մասնավորապես՝ փորձաքննության կարգն ընդունելու համար անհարժեշտ է ներկայացված օրենսդարական փաթեթը հաստատել:

Փոխնախարարի խոսքով, կան նաև տնտեսվարողների համար նախատեսված փաթեթներ, որոնք նույնպես կառավարությունը չի կարողանում առաջ տալ, իսկ տնտեսվարողները սպասում են դրանց:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք փաթեթը քննարկվել է շահագրգիռ կողմերի, տնտեսվարողների և հանրային հատվածի հետ:

Լիլիա Շուշանյանը չպատասխանեց բուն հարցին, այլ ընդունեց, որ ժամանակը կարճ է, բայց կփորձեն անձամբ Արկադի Խաչատրյանի հետ աշխատել և տալ վերջինիս բարձրացրած հարցերի պատասխանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը նույնպես անընդունելի համարեց հրատապ կարգով ծավալուն հարցի քննարկումը: Նկատելով, որ փաթեթը դրական փոփոխություններ է ենթադրում՝ պատգամավորը շեշտեց, որ դրանք էկլեկտիկ են և նրանում իրար հակասող դրույթներ կան:

Մերի Գալստյանը դրական չհամարեց նախագծով սահմանվող մետաղական հանքավայրերի նախկինում սահմանված 50 տարվա շահագործամ իրավունքի ժամկետը 25 տարի դարձնելու առաջարկը՝ մտավախություն հայտնելով, որ տնտեսվարողը կարող է ամբողջովին չշահագործելով հանքը և կիսատ վիճակում լքել այն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում