Տարածաշրջանում Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ռազմաքաղաքական բալանսն ի օգուտ Ադրբեջանի չէ. Վաղարշակ Հարությունյան

Տարածաշրջանում Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ռազմաքաղաքական բալանսն ի օգուտ Ադրբեջանի չէ. Վաղարշակ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հուլիսի 13-ին իր ելույթում բացահայտեց Ադրբեջանի նպատակները: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«2016 թվականին ապրիլյան պատերազմին նա բացահայտեց նաև Ադրբեջանի ռազմավարությունը: Նա ասում է՝ «Կարևոր չէ, թե ով է առաջին սկսելը, կարևորն այն է, թե ինչի է տեղի ունենում: Ինչպե՞ս է, որ 10 մլն-անոց Ադրբեջանը, որը ունի հզոր նավթային պաշարներ, հզոր զինված ուժեր, թույլ տա, որ Ադրբեջանի 20 տոկոսը լինի օկուպացված»:

Մենք սրանից պետք է անենք եզրակացություն, որ Ադրբեջանը իր առջև դրել է խնդիր ոչ թե հարցը լուծել բանակցային գործընթացով, այլ գնալ ռազմական ճանապարհով»,- նշել է նա:

Հարությունյանն ընդգծում է, որ եթե հետևենք Ադրբեջանի ղեկավարության վերջին ամիսների հայտարարություններին, ապա կհասկանանաք, որ դա իրենց մոտ Ղարաբաղի հարցի լուծման ռազմավարությունն է. «Ալիևն ասում է, որ այսօր միջազգային հարաբերություններում առաջին տեղում է ուժի գործոնը, հետո ասում է ոչ միայն Զանգեզուրը և Երևանն է Ադրբեջանինը, հունիսի 3-ին զորամասի բացմանը հայտարարում է, որ Հայաստանի այսօրվա տարածքը հին պատմական Ադրբեջանի տարածքն է, խոսքը չի գնում Ադրբեջանի մասին, այլ ողջ Հայաստանի մասին:

Նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ևս հայտարարում է, որ մենք ի վիճակի ենք Նախիջևանից խփել Երևանին և պաշտպանում է նույն միտքը: Պաշտպանության նախարարը հունիսի 26-ին ևս ասում է նույնը՝ մենք չենք հանդուրժելու և գնալու ենք ռազմական ճանապարհով: Եթե սա ամփոփենք, հասկանալի է դառնում թե ինչո՞ւ է Ադրբեջանը գնում այսպիսի քայլերի, սա Ադրբեջանի ռազմավարությունն է՝ խուսափել բանակցային գործընթացից և հարցը լուծել ռազմական ճանապարհով»:

Վաղարշակ Հարությունյանի համոզմամբ՝ Ադրբեջանը խնդիր է դրել փոքր քայլերով փոփոխել շփման գիծը, ընդունել այնպիսի դիրքեր, որն իրենց տալիս է առավելություն: «Քանի որ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ուժեղացնում ենք իրենց բանակը և ժամանակ առ ժամանակ հասնում ենք հաջողությունների, օրինակ բերելով՝ 2016 թվականի ապիլյան պատերազմը, երբ տարածքներ են վերցրել և սպասում են նախապայմանների, որ պատերազմ սկսեն.

«Ադրբեջանը միշտ հույս ունի, որ տարածքով մեծ է, ունի ռեսուրսներ, բնակչությունն է մեծ և կարծում է, որ բավարար է, որպեսզի գնա հաղթանակի և գնում է սրացումների, իրավիճակը ճիշտ չի գնահատել: Տարածաշրջանում Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ռազմաքաղաքական բալանսը ի օգուտ Ադրբեջանի չէ, եթե նա սկսի պատերազմ, ապա պարտվելու է, որովհետև մենք ունենք այնպիսի միջոցներ, որոնք ի վիճակի են ոչնչացնել Ադրբեջանի ողջ տնտեսական ներուժը: Իրենք դա լավ պատկերացնում են»,-ասաց նա:

Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ վերջին օրերին սահմանում լարված իրադրության պայմաններում մեր բանակը և գլխավոր շտաբը գործել են շատ հստակ և գրագետ և պարտադրել են հակառակորդին լռել և ունենալ կորուստներ: Նա նշեց, որ հայկական կողմը զուսպ է եղել, որ չանցնի այն չափը, որը կբերի լայնածավալ գործողությունների:

Անդրադառնալով միջազգային կառույցների հայտարարություններին՝ Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ պետք է ճիշտ պատկերացնենք, որ միջազգային կառույցները հայտարարություններ անելիս՝ պետք է ունենան փաստաթղթեր և հիմնավորումներ, իսկ զինադադարի խախտման պարագայում, երբ չկան մեխանիզմներ, կոչ են անում երկու կողմին. «Բոլորը գիտակցումն են, որ մեզ պատերազմ պետք չէ, մենք ցանկանում ենք հարցը լուծել բանակցային ճանապարհով, բայց չենք խուսափում պատերազմից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում