Անհանգստությամբ եմ հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող զինված բախումներին․ Հռոմի պապ

Անհանգստությամբ եմ հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող զինված բախումներին․ Հռոմի պապ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amՀռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրմամբ և լարվածության շուտափույթ հաղթահարման հույս է հայտնել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը, այս հայտարարությամբ սրբազան քահանայապետը հանդես է եկել կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ:

«Անհանգստությամբ հետևում եմ Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող զինված բախումներին: Աղոթում եմ բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր կորցրել են կյանքը այդ միջադեպերի հետևանքով: Հուսով եմ, որ միջազգային հանրության միջնորդությամբ, երկխոսության միջոցով և կողմերի բարի կամքի դրսևորմամբ՝ խաղաղությունը երաշխավորող լուծում կգտնվի հանուն այդ սիրելի ժողովուրդների բարօրության»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում